‘Ռեփ կատարողը ներողություն է խնդրել Լուկաշենկոյին դժոխք ուղարկելու համար’

702

Ռուսաստանցի հիփ-հոփ կատարող Ալեքսեյ Կոսովը (Ասսաի) ներողություն է խնդրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից՝ Մինսկում կայացած համերգի ընթացքում տեղի ունեցած միջադեպի համար, որից հետո նրա երաժշտական խմբին արգելվել է այլևս ելույթներ ունենալ Բելառուսում: Միջադեպը տեղի է ունեցել 2011 թ. նոյեմբերին: Կատարելով «Այդքան կյանքեր» երգը՝ երաժիշտը «Պարոն նախագահ, գնացեք դժոխք» բառերը փոխարինել է «պարոն Լուկաշենկո, գնացեք դժոխք»-ով՝ արժանանալով դահլիճի բուռն օվացիաներին: Նույնպիսի բան է տեղի ունեցել նաև 2012 թ. մայիսին Մինսկում կայացած համերգի ժամանակ: «Կարծում եմ՝ ես սխալ էի, զգացմունքների տրվեցի: Այդ զգացմունքները ես տեսա համերգի եկած մարդկանց աչքերում: Երիտասարդներն ազատության կարիք են զգում, նրանց թվում է՝ իրենցից ինչ-որ բան են թաքցնում:… Համոզված եմ, որ ձեր երկրի բնակիչներին հաճելի է ձեր հայրական հոգատարությունն իրենց հանդեպ: Թող Աստված տա՝ իմաստուն գրաքննիչ լինեք, և մենք էլ, ձեզ հյուր գալով, հիանանք, որ ձեզ մոտ ամեն ինչ մաքուր է, մարդիկ դաստիարակված են ու համեստ: Թող ձեր սերը հայրենիքի նկատմամբ օգնի սրտին մոտ չընդունել այն ամենը, ինչ խոսում են ձեր մասին, և ձեր երկիրը հնարավորինս երկար մնա անկախ և նույնքան յուրահատուկ»,- գրել է Կոսովը:

Ի դեպ, Բելառուսում վաղուց են լուրեր պտտվում, որ գոյություն ունի երաժիշտների «սև ցուցակ», որոնց չի թույլատրվում ելույթ ունենալ հանրապետության տարածքում: Մասնավորապես՝ այդ ցուցակում է հայտնվել «Ляпис Трубецкой» խումբը, որի ղեկավար Սերգեյ Միխալոկը բազմից քննադատել է Լուկաշենկոյին և հարցազրույցներից մեկում նրան անվանել է «ստախոս, գող ու անգրագետ, ով ատում է իր ժողովրդին և լավագույն դեպքում արժանի է արդար դատաստանի», հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Նուլանդի խոսքերը՝ Ուկրաինայում ԵՄ-ի դերի մասին, վիրավորել են Մերկելին’
Հաջորդ հոդվածը‘Ալլա Հովհաննիսյան. Փոխհատուցումը պահեք Սերժի ցողունաբուժության համար ‘