‘Ռեքվիեմ մարտի մեկի զոհերին. Մամուլ’

1004

Դուք գիտեք, արդեն հինգ տարի է, ինչ քաղաքը՝ ձեզ կորցրած ու ձեր մահով աղքատացած, շարունակում է ապրել։ Ձե՛ր քաղաքը, որի ամեն փողոցն ու տունը այնքան հարազատ էին յուրաքանչյուրիդ ու դրա համար այնքան սովորական, որ երևի չէիք էլ նկատում նրա արտասովոր լինելը։ Իսկ քաղաքը արտասովոր է նրանով, որ մինչև հիմա իր փողոցների ու տների շնչառության մեջ պահում է ձեզ, պահում է ձեր սիրելի բառերն ու միայն ձեզ հատուկ ծիծաղը կամ մռայլվելը։ Գիշերվա ամենալուռ ժամին թե ամռան կիզիչ արևի տակ հիշում է ամեն մեկիդ, գծում ձեր դիմապատկերները գարնանային առաջին անձրևից սռսռացող ապակիների վրա ու մտքում, որերորդ անգամ, կրկնում ձեր կյանքի պատմությունը՝ ծննդյան պահից մինչև մահին դեմառդեմ հանդիպելը… Ոչ միայն հիշում է, հիշելը քիչ է նրա համար, քաղաքը պատմում է ձեր ամեն մեկի պատմությունը իր փողոցներին, տներին, ցամաքած ցայտաղբյուրներին ու թանկարժեք իրերը պարփակած փայլատ ցուցափեղկերին, հետո առաջին ձյան անշշուկ վայրէջքին է խառնում ձեր վերջին հայացքները, որտեղ զարմանքը այդպես էլ չպայթած ճիչ մնաց, որովհետև մինչև վերջին ակնթարթը չուզեցիք հավատալ, որ քաղաքը կարող է թույլ տալ, որ ձեզ սպանեն… Օր ձեզ կարող է սպանել քաղաքի մեկ այլ բնակչի մահաբեր գնդակը։ Գիտեք, ապրողներիս մեջ էլ շատ-շատերը մինչև հիմա չեն հասկանում, թե ինչպես դա հնարավոր եղավ, այդ ինչ հրեշային կամք էր, որ հրամանի տակ թաքնված՝ քաղաքի մարդկանց հանեց իրար դեմ, ու զինվածը գետնեց անզենին։ Ձեզանից յուրաքանչյուրի մահով տկարացավ քաղաքը, անզորությունից չարացավ ու մեղքի գիտակցումից կծկվեց, վիրավորանքը պահեց իր փողոցների, տների, ցամաքած ցայտաղբյուրների, թանկարժեք իրերը պարփակած փայլատ ցուցափեղկերի մեջ, ու միայն հպարտությունը թույլ չտվեց, որ զինվածը չտեսնի գարնանային առաջին անձրևին խառնված իր արցունքը, որից սրսռում են, արդեն հինգերորդ տարին, քաղաքի բոլոր տների բոլոր պատուհանների ապակիները… Այո, քաղաքը շարունակում է ապրել, և այս օրն էլ, տարվա մնացած բոլոր օրերի նման, մարդիկ կծնվեն, կսիրեն, կապրեն ու կմահանան, շատերը այսօր ձեզ չեն հիշի, շատերն էլ գարնանային առաջին ծաղիկները կբերեն ձեզ…

Բայց քանի դեռ քաղաքում շարունակում են անպատիժ ապրել ձեր մարդասպանները, ամեն հերթական գահակալության ժամանակ, անկախ նրանից, թե ով և ինչպես է հասել այդ «գահին», նրան կուղեկցեն օդում տարուբերվող ցելոֆանն ու ձեր վերջին հայացքները, որտեղ զարմանքը այդպես էլ չպայթած ճիչ մնաց։

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

«Գրական թերթ»

01.03.2013

Նախորդ հոդվածը‘«Բարի» Սերժի բարկության և անհանգստության պատճառները’
Հաջորդ հոդվածը‘Հարուցվել է քրգործ ուրիշի անձնագրով քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ’