‘
Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությունը կարեւորում է տարածաշրջանում հակամարտությունների շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքի նորմերի համապատասխան:
Բոլոր մասնակից երկրների ստորագրությանն արժանացած փաստաթղթի հինգերորդ կետում նշվում է, որ հակամարտությունների կարգավորումը եւ բարիդրացիական հարաբերությունների ու վստահության մթնոլորտի ամրապնդումը անհրաժեշտ են երկրների տնտեսական եւ սոցիալական զարգացման համար:
Գագաթնաժողովի անդամները ողջունում են Եվրամիության ներդրումը կայունության ամրապնդման գործում եւ ընդգծում են այս հարցում ԵՄ ավելի մեծ ներգրավվածության անհրաժեշտությունը:
Հռչակագրում հաստատվում է առկա հակամարտությունները գործող ձեւաչափերի միջոցով լուծելու ջանքերը շարունակելու հաստատակամությունը: Մասմնավորապես, լիակատար աջակցություն է հայտնվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության Մինսկի համանախագահների ջանքերին, այդ առումով կարեւորվում են նախագահների մակարդակով 2009-ից ի վեր արված հայտարարությունները:
‘