Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող, բրիտանացի ֆուտբոլային մեկնաբան Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ մանչեսթերյան ակումբը հունվարին պետք է ազատվի 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից, որը ցուցադրաբար հեռացել էր պահեստայինների նստարանից «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության հանդիպման վերջին րոպեին։
Նա այս մրցաշրջանում երկրորդ անգամ ամբողջ հանդիպումն անցկացրեց պահեստայինների թվում։ Հետագայում հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն «Օլդ Տրաֆորդ» ստադիոնից հեռացել է մինչեւ հանդիպման ավարտը՝ չսպասելով թիմին եւ չշնորհավորելով 2:0 հաշվով հաղթանակի առթիվ։
«Կարծում եմ՝ Ռոնալդուն լուրջ խնդիր է դարձել թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի համար։ Մինչեւ ձմեռային տրանսֆերային պատուհանը նրանք պետք է որոշում ընդունեն։
Եթե Տեն Հագը չի տեսնում Ռոնալդուին մեկնարկային կազմում, պետք է խզել պայմանագիրը եւ բաց թողնել նրան»,- Ֆերդինանդի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։
«Տոտենհեմը» (11 խաղ) 23 միավորով երրորդն է, «Մանչեսթեր Յունայթեդը» (10) բարձրացավ 5-րդ տեղ՝ 19 միավոր։
Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Տոտենհեմ»՝ 2:0 (տեսանյութ)
Ֆրեդ, 47, Բրունու Ֆերնանդեշ, 69