‘
Հունահռոմեական ոճի 66 կգ քաշային ըմբիշ Միհրան Հարությունյանը Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում կպայքարի ոսկե մեդալի համար։
Կիսաեզրափակիչ փուլում Միհրան Հարությունյանը գոտեմարտեց ադրբեջանցի Ռասուլ Չունաևի հետ և 4։1 հաշվով հաղթանակ տոնեց։ Առաջին մրցափուլում Միհրանը կտրող հնարքով վաստակեց 4 միավոր, իսկ երկրորդ մրցափուլում ընդամենը մեկ միավոր զիջեց մրցակցին։
Ոսկե մեդալի համար Միհրան Հարությունյանը պայքարելու է հունգարացի Դավոր Շտեֆանեկի հետ, ով կիսաեզրափակչում 7։0 հաշվով հաղթել է վրացի Շմագի Բոլկվաձեին։ Եզրափակիչ գոտեմարտերը մեկնարկելու են Երևանի ժամանակով կեսգիշերին։
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում Միհրան Հարությունյանը 9։0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել եգիպտացի Ահմեդ Սալեհ Քահքի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակչում 2։1 հաշվով հաղթել է կորեացի Լյու Հան Սյունին։
‘