‘
Ռիո դե Ժանեյրոյում Հայաստանը 8 մարզաձևից 33 ներկայացուցիչ ուներ, ովքեր կարողացան նվաճել 1 ոսկե և 3 արծաթե մեդալ։ Ներկայացնում ենք հայ օլիմպիականների արդյունքները։
Աթլետիկա
Աթլետիկայի մրցումներում հայ մարզիկներն անչափ անհաջող հանդես եկան․ ոչ ոք չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը։
Ամալիյա Շարոյանը մասնակցեց կանանց հեռացատկի մրցումներին: Հանդես գալով որակավորման փուլի առաջին ենթախմբում՝ մեր մարզուհին 5.95 մ արդյունքով զբաղեցրեց 35-րդ տեղը (38 մարզուհիների պայքարում) և զրկվեց պայքարը շարունակելու հնարավորությունից։
Վազորդներ Դիանա Խուբեսերյանն ու Գայանե Չիլոյանը ևս գոհացուցիչ արդյունք չգրանցեցին․ Չիլոյանը ցույց տվեց 25.03 վայրկյան արդյունք, իսկ Խուբասերյանը` 25.16 վայրկյան: 72 մարզուհիների պայքարում Չիլոյանը զբաղեցրեց 66-րդ, իսկ Խուբասերյանը` 67-րդ տեղը:
Եռացատկորդ Լևոն Աղասյանը որակավորման փուլում 15,54 մետր արդյունքով գրավեց 18-րդ տեղը և կրկին զրկվեց պայքարը շարունակելու հնարավորությունից։
Կանանց 400 մետր արգելավազքի մրցմանը Հայաստանը ներկայացնում էր Լիլիթ Հարությունյանը։ Հանդես գալով որակավորման փուլի երրորդ ենթախմբում՝ Հարությունյանը ցույց տվեց 1 րոպե 03:13 վայրկյան արդյունք ու 48 մարզուհիների պայքարում զբաղեցրեց վերջին տեղը՝ զրկվելով հետագա ելույթների հնարավորությունից։
Հեռացատկի մրցմանը պետք է մասնակցեր Գոռ Ներկարարյանը, սակայն նրա անունն այդպես էլ չհայտնվեց մասնակիցների պաշտոնական ցանկում։ Ավելին՝ Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքում ընդհանրապես Ներկարարյանի անունը Հայաստանը ներկայացնող մարզիկների թվում նշված չէր: Բացառված չէ, որ Գոռ Ներկարարյանի լրացրած նորմատիվը չի հաստատվել․․․
Բռնցքամարտ
Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցումներում հիանալի հանդես եկած բռնցքամարտիկներից ակնկալիքներ կային, սակայն վնասվածքը, անվանի մրցակիցները և որոշ դեպքերում մրցավարական ոչ միանշանակ որոշումները մեր մարզիկներին զրկեցին մեդալ նվաճելու հնարավորությունից։
49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը մեկնարկային՝ 1/16 եզրափակչի մենամարտում պարտվեց իսպանացի Կարմոնա Հերեդիա Սամուելին։
56 կգ քաշային Արամ Ավագյանը 1/16 եզրափակչում հաղթեց Արաշի Մորիսիկային, սակայն հաջորդ մենամարտում պարտվեց աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն իռլանդացի Մայքլ Քոնլանին։
52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը 1/16 եզրափակչում հաղթեց ուգանդացի Ռոնալդ Սերուգոյին, սակայն հաջորդ մենամարտում պարտվեց չինացի Հու Ջիանգուանին։
64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը մեկնարկային մենամարտում հաղթեց Վենեսուելայի ներկայացուցիչ Լուիս Արկոնին, սակայն 1/8 եզրափակչում զիջեց չինացի Հու Ցյանսյունին։
69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը ևս հաղթեց իր առաջին մենամարտում՝ առավելության հասնելով Ֆիջին ներկայացնող Վինսթոն Հիլի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակչում՝ Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն կուբացի Ռոնիել Իգլեսիասի հետ մենամարտում վնասվածք ստացավ, որի պատճառով չկարողացավ շարունակել պայքարը։
Լող
Լողի մրցումներում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ Վահան Մխիթարյանը և Մոնիկա Վասիլյանը։ 50 մետր ազատ ոճի որակավորման փուլում Վահան Մխիթարյանը, գրանցելով 23.50 վայրկյան արդյունք, զբաղեցրեց 47-րդ տեղը և զրկվեց պայքարը շարունակելու հնարավորությունից: Մրցմանը մասնակցում էր 85 լողորդ։ Մոնիկա Վասիլյանն ընդգրկված էր 50 մետր ազատ ոճի մրցման որակավորման փուլի 5-րդ ութնյակում, ձեռքի վնասվածքի պատճառով չմասնակցեց մրցմանը։
Հրաձգություն
Հրաչիկ Բաբայանը, 10 մետր, օդամղիչ հրացան, 60 կրակոց վարժության որակավորման փուլում հավաքելով 621,5 միավոր, 56 մարզիկների պայքարում զբաղեցրեց 24-րդ տեղը և զրկվեց պայքարը շարունակելու հնարավորությունից։ Պայքարը շարունակելու համար Բաբայանը պետք է լիներ առաջին ութնյակում։
Ձյուդո
Ձյուդոյի մրցաշարում Հայաստանն ուներ մեկ ներկայացուցիչ․ մինչև 60 կգ քաշային կարգի 1/16 եզրափակչում Հովհաննես Դավթյանը հաղթեց 2008 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Լյուդովիկ Պայշներին, սակայն 1/8 եզրափակչում յուկոյով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Բեսլան Մուդրանովին:
Մարմնամարզություն
Առաջին անգամ Օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցումներում Հայաստանը կին ներկայացուցիչ ուներ։ Հուրի Գեբեշյանը չհաղթահարեց որակավորման փուլը, սակայն զուգափայտերի վարժության սկզբում կատարեց բացառիկ տարր՝ հրվեց առաջին ձողից և, պտտվելով 360 աստիճան, բռնեց մյուս ձողը։ Մարմնամարզության այս նոր տարրը կոչվելու է Հուրի Գեբեշյանի անունով։
Արթուր Դավթյանը (հենացատկ) երկրորդ ցատկի վերջնամասում սխալ թույլ տվեց: Մրցավարները Դավթյանի երկու ցատկերը գնահատեցին 14.566 միավոր, ինչի արդյունքում հայ մարզիկը զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը և զրկվեց պայքարը շարունակելու հնարավորությունից։ Եզրափակչում հանդես գալու հնարավորություն են ստանում 8 լավագույն արդյունքները գրանցածները։
Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը որակավորման փուլում (նժույգաթափեր) հավաքելով 15. 583 միավոր՝ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը և դուրս եկավ եզրափակիչ փուլ։ Նժույգի վրա վարժության եզրափակչում Հարությունը ստացավ 14.933 միավոր ու զբաղեցրեց 7-րդ տեղը: Առողջական խնդիրների պատճառով Մերդինյանը չկարողացավ բարդ վարժությամբ հանդես գալ։
Ծանրամարտ
Ծանրամարտում Հայաստանի գլխավոր աստղերից մեկը՝ 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, ով Եվրոպայի գործող չեմպիոնն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, հրում վարժության ժամանակ արմունկի վնասվածք ստացավ, ինչի պատճառով չկարողացավ շարունակել պայքարը։ Բարեբախտաբար, Կարապետյանը ձեռքը չի կոդրել, պազրապես հոդի տեղաշարժ է եղել և ջլերի մասնակի պատռվածք։
85 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը պոկում վարժությունում երկրորդ փորձից կարողացավ բարձրացնել 158-կիլոգրամանոց ծանրաձողը, սակայն երրորդ մոտեցումից հրաժարվեց աջ ոտնաթաթի ցավի պատճառով: Առաքել Միրզոյանի առեղծվածային վնասվածքի վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտեցին ծանրորդ Աղասի Աղասյանը, ով հայտարարեց՝ այդ քաշային կարգում Հայաստանում ուժեղագույնն ինքն է, և Առաքելի հայրը՝ Օգսեն Միրզոյանը։
Կանանց ծանրամարտի մինչև 69 քաշային կարգում Նազիկ Ավդալյանը հիանալի հանդես․ պոկում վարժությունում Եվրոպայի գործող չեմպիոնուհին գրանցեց 107 կիլոգրամ արդյունք, իսկ հրում վարժությունում՝ 135 կիլոգրամ: Ընդհանուր 242 կգ արդյունքով Ավդալյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։
18-ամյա Սոնա Պողոսյանը 75 կգ քաշային կարգի մրցումներում հանդես եկավ B խմբում և զբաղեցրեց երրորդ տեղը, իսկ ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց տասներորդ տեղը (երկամարտի 223 կգ արդյունք):
Ռիո-2016-ում Հայաստանի համար առաջին մեդալը նվաճեց Սիմոն Մարտիրոսյանը։ Մինչև 105 կգ քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 417 կգ արդյունքով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։
105+ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: Գոռ Մինասյանը երկամարտի 451 կգ արդյունքով դարձավ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, իսկ Ռուբեն Ալեքսանյանը երկամարտի 440 կգ արդյունքով Ալեքսանյանը զբաղեցրեց 4-րդ տեղը:
Ըմբշամարտ
Օլիմպիական մեդալներ նվաճելու գլխավոր հույսերը կապված էին հենց ըմբշամարտում Հայաստանի ներկայացուցիչների հետ։ Ե՛վ հունահռոմեական ոճում, և՛ ազատ ոճում մենք ունեին 4 ներկայացուցիչ։ Առաջինը պայքարի դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշները։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 75 կգ քաշային կարգի 1/16 եզրափակչում Արսեն Ջուլֆալակյանըպարտվեց Բուլղարիայի ներկայացուցիչ Դանիել Ալեքսանդրովին։ Վերջինս չկարողացավ հասնել եզրափակիչ, իսկ Արսենը չստացավ սփոփիչ գոտեմարտերի մասնակցելու և գոնե բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն։
Պատմությունը նույնն էր Մաքսիմ Մանուկյանի դեպքում․ 85 կգ քաշային կարգի 1/16 եզրափակչում Մաքսիմ Մանուկյանը պարտվեց հունգար Վիկտոր Լորինցին, իսկ վերջինս չհասավ եզրափակիչ։
66 կգ քաշային Միհրան Հարությունյանը մրցավարական անարդարության պատճառով զրկվեց ոսկե մեդալից։ Եզրափակիչ գոտեմարտում Միհրանը մրցեց սերբ Դավոր Շտեֆանեկի հետ։ Առաջին մրցափուլի միջնամասում Միհրանին ծնկած դիրք նստեցրին պասիվության համար, բայց հայ ըմբիշը հաջող պաշտպանվեց, իսկ հետո կարողացավ 1 միավոր վաստակել։ Երկրորդ մրցափուլում Միհրան Հարությունյանին դարձյալ պարտեր նստեցրին, իսկ Շտեֆանեկը 1 միավոր վաստակեց: Վերջնամասում մեր ըմբիշն ավելի ակտիվ էր, սակայն սերբ ըմբիշին այդպես էլ պասիվություն չտվեցին։ Գոտեմարտն ավատվեց 1։1 հաշվով, բայց վերջինը միավոր վաստակելու համար հաղթանակը շնորհվեց Շտեֆանեկին․․․ Միհրան Հարությունյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից՝ մեկնարկային գոտեմարտում 9։0 հաշվով վստահ հաղթանակ տոնելով եգիպտացի Ահմեդ Սալեհ Քահքի նկատմամբ։ 1/4 եզրափակչում Միհրանը 2։1 հաշվով հաղթել էր կորեացի Լյու Հան Սյունին, իսկ կիսաեզրափակչում 4։1 հաշվով առավելության էր հասել ադրբեջանցի Ռասուլ Չունաևի նկատմամբ։
Արթուր Ալեքսանյանի շնորհիվ 20 տարվա ընդմիջումից հետո Հայաստանն ունեցավ Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Եզրափակիչ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը 3։0 հաշվով հաղթեց կուբացի Յասմանի Լուգո Կաբրերային։ Մինչ այդ Ալեքսանյանը 5։2 հաշվով հաղթել էր իտալացի Դայգորո Տիմոնչինիին, 8։0 հաշվով առավելության էր հասել Ռումինիայի ներկայացուցիչ Ալին Կիուրարիուի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 9։0 հաշվով պարտության էր մատնել թուրք Ջենկ Իլդեմին։
1996 թվականից ի վեր Հայաստանի մարզիկներն Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ չէին նվաճել․ 1996 թ. Ատլանտայի ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի մինչև 52 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր է դարձել Արմեն Նազարյանը։
Ազատ ոճի ըմբշամարտի 57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ Մնացականյանըմեկնարկային գոտեմարտում 0։13 հաշվով զիջեց իրանցի Հասան Ռահիմիին։ Եթե վերջինս հասներ եզրափակիչ, Մնացականյանը սփոփիչ գոտեմարտերի մասնակցելու և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանար, սակայն իրանցին պարտվեց կիսաեզրափակչում։
125 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Լևան Բերիանիձեն։ Պայքարը սկսելով 1/8 եզրափակիչ փուլից՝ Բերիանիձեն հաղթեց չինացի Ժիվեի Դենգին, հունգարացի Դանիել Լիգետին, իսկ կիսաեզրափակչում պարտվեց թուրք Թահա Ակգուլին և հնարավորություն ստացավ պայքարելու միայն բրոնզե մեդալի համար։ Երրորդ տեղի համար պայքարում Բերիանիձեի մրցակիցը Բելառուսի ներկայացուցիչ Իբրահիմ Սաիդովն էր․ գոտեմարտն ավարտվեց 2-2 հաշվով, բայց Սաիդովն ավելի բարձր միավորանոց հնարք էր կատարել, ուստի հաղթանակը շնորհվեց նրան։
65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանի առաջին մրցակիցը Եվրոպայի և գործող չեմպիոն Ֆրանկ Չամիզո Մարկեսն էր։ Սաֆարյանը 1։3 հաշվով պարտվեց իտալացուն, իսկ վերջինս չկարողացավ հասնել եզրափակիչ՝ կիսաեզրափակչում զիջելով ադրբերջանցի Տորգուլ Ասգարովին։
97 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գեորգի Կետոևը ևս պարտվեց մեկնարկային գոտեմարտում՝ 1:8 հաշվով զիջելով վրացի Էլիզբար Օդիկաձեին: Վրացի ըմբիշը հասավ կիսաեզրափակիչ և պարտվեց Կայլ Սնայդերին, ինչի արդյունքում Կետոևը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։
‘