Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության 4-րդ տուրը ևս հաղթական էր Ռոբերտ Հովհաննիսյանի համար: Նիկլաս Հուշենբեթի հետ մրցախաղում Ռոբերտը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց և 4 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Ի դեպ, Ռոբերտն առաջնության միակ շախմատիստն է, որը հաղթանակներ է տարել կայացած բոլոր 4 տուրերում: 5-րդ տուրում Ռոբերտը կմրցի ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովի հետ:
Իսկ ահա Հովհաննես Գաբուզյանն առաջին կես միավորը կորցրեց Կասպեր Պիորունի հետ խաղում: Նա ունի 3,5 միավոր և մի խումբ շախմատիստների հետ կիսում է 2-13 տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Հովհաննեսը 7-րդն է:
Հայկ Մարտիրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը մրցաշարում երկրորդ հաղթանակները տոնեցին: Մարտիրոսյանը պարտության մատնեց Գիգա Քուփարաձեին, Սարգսյանն առավելության հասավ Հեդին Սթեյնգրիմսոնի նկատմամբ: Հայկն ու Գաբրիելն ունեն 3-ական միավոր: Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղաց Նիկոլոզի Կաչարավայի հետ ու վաստակեց 2,5 միավոր: Նշենք նաև, որ առայժմ մեր 5 շախմատիստներից ոչ մեկը պարտություն չի կրել:
