‘ Ռոման Բերեզովսկին Եվրոպայի ամենատարիքով ֆուտբոլիստների տասնյակում է’

1400

Պորտուգալիայի հավաքականի հետ խաղում Հայաստանի հավաքականի դարպասը 91-րդ անգամ պաշտպանած Ռոման Բերեզովսկին ընդգրկվել է եվրոպական երկրների հավաքականներում մինչ օրս հանդես եկած ամենատարիքով ֆուտբոլիստների տասնյակում: Իրեն հիանալի դրսևորած փորձառու դարպասապահը պորտուգալացիների հետ խաղի օրը 40 տարեկան 101 օրական էր:

Բերեզովսկին ներկայումս գործող ֆուտբոլիստներից ամենատարիքովն է: Բացի մեր ֆուտբոլիստից, ելույթները շարունակում է նաև Լիխտենշտեյնի հավաքականի ավագ Մարիո Ֆրիկը, ով հոկտեմբերի 12-ին շվեդների հետ անցկացրած ընտրական մրցախաղում 40 տարեկան 35 օրական էր:

Եվրոպական երկրների հավաքականներում առայժմ 16 ֆուտբոլիստի է հաջողվել հանդես գալ 40-ից բարձր տարիքում: Նրանցից 9-ը դարպասապահներ են: ենք նաև, որ այդ ցուցակում 15-րդ հորիզոնականը  զբաղեցնում  է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, անցկացրած խաղերի քանակով մեր ընտրանու ռեկորդակիր Սարգիս Հովսեփյանը, ով 2012թ. նոյեմբերի 14-ին լիտվացիների հետ անցկացրած իր հրաժեշտի խաղի օրը 40 տարեկան 12 օրական էր:

Հարկ է նշել, որ ամենատարիքով ֆուտբոլիստների ցանկի առաջին 2 հորիզոնականները զբաղեցնող հույն 2 ֆուտբոլիստները բնավ էլ աչքի չեն ընկել երկարակեցությամբ: Գիորգոս Կուդասը հավաքականում ելույթներն ավարտել էր 36 տարեկանում՝ մասնակցելով 42 խաղի, իսկ Վասիլիս Խաձիպանագիսն ընդամենը մեկ խաղ էր անցկացրել 22 տարեկանում:

Ֆուտբոլային կարիերան ավարտելուց շատ տարիներ անց Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Կուդասի (20.09.1995թ. Հարավսլավիայի հետ) և Խաձիպանագիսի (14.12.1999թ. Գանայի հետ) համար հրաժեշտի խաղեր էր կազմակերպել, որոնց մասնակցելու շնորհիվ էլ նրանք դարձել էին ամենատարեց ֆուտբոլիստները:

Այնպես որ երկարակեցության ռեկորդակիր պետք է համարել անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Սթենլի Մեթյուզին, ով իր ելույթները սկսել էր 1934թ.-ից և ավարտեց 1957թ. 42 տարեկան 103 օրականում:

Ահա եվրոպական երկրների հավաքականներում հանդես եկած ամենատարիքով ֆուտբոլիստների ցանկը:

1.Գիորգոս Կուդաս (Հունաստան) — 48 տ. 301 օր.

2.Վասիլիս Խաձիպանագիս (Հունաստան) — 45 տ. 49 օր.

3.Սթենլի Մեթյուզ (Անգլիա) — 42 տ. 103 օր.

4.Յակուպ Միկելսեն (Ֆարերներ) — 41 տ. 365 օր.

5.Դինո Ձոֆ (Իտալիա) — 41 տ. 90 օր.

6.Պետ Ջենինգս (Հս.Իռլանդիա) — 41 տ.

7.Պիտեր Շիլթոն (Անգլիա) — 40 տ. 292 օր.

8.Սերգեյ Ստրոենկո (Մոլդովա) — 40 տ. 237 օր.

9.Դևիդ Ուիր (Շոտլանդիա) — 40 տ. 155 օր.

10.Ռոման Բերեզովսկի (Հայաստան) — 40 տ. 101 օր.

11.Ջիմ Լեյթոն (Շոտլանդիա) — 40 տ. 78 օր.

12.Եժի Դուդեկ (Լեհաստան) — 40 տ. 73 օր.

13.Մայք Թեյլոր (Հս. Իռլանդիա) — 40 տ. 37 օր.

14.Մարիո Ֆրիկ (Լիխտենշտեյն) — 40 տ. 35 օր.

15.Սարգիս Հովսեփյան (Հայաստան) — 40 տ. 12 օր.

16.Բիրկիր Քրիստինսոն (Իսլանդիա) — 40 տ. 3 օր.   

Նախորդ հոդվածը‘Եվրո-2016. Այսօր տեղի ունենալիք հանդիպումների համառոտ ազդագիր ‘
Հաջորդ հոդվածը‘Ուեյն Ռունին Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում երրորդն է (տեսանյութ, լուսանկարներ)’