‘«Ռոմա» — «Նապոլի». Կարո՞ղ է արդյոք այն վերածվել «Սերիա Ա-ի» կենտրոնական հանդիպման’

1098

Թեև «Յուվենտուսը» ընդամենը երկու մրցաշրջան է, ինչ նվաճում է «Սկուդետտոն», տպավորություն կա, որ իտալական ֆուտբոլում թուրինցիների գերիշխանությունը շատ ավելի երկար է ձգվում: Ապենիններում կարծես վերջին տարիներին չի եղել «Կալչիոպոլին», չեն եղել Մոուրինյոյի տիտղոսների «հեթ-տրիկ» ձևակերպած «Ինտերն» ու Իբրահիմովիչի «Միլանը»: Իրականում այս ամենը, իհարկե, եղել են և կարողացել են Իտալիայում տնտեսական ճգնաժամի պայմաններում բարձր պահել իտալական ֆուտբոլի որակը, բայց Կոնտեի հետ Յուվեն այնպես կերպարանափոխվեց, որ թվում էր՝ «Սերիա Ա-ի» վերաբերյալ դեռևս երկար կգերշխի ««Յուվենտուսն» ու մնացած ակումբերը» ընկալումը:

Եվ ահա, այսօր երեկոյան «Օլիմպիկոյում» տեղի կունենա մի հանդիպում, որը կարող է տուրի կենտրոնական հանդիպումից վերածվել մրցաշրջանի կենտրոնական հանդիպման: Տեսնենք, թե ինչու:

«Ռոմայում»,  մայիսի 26-ին գավաթի եզրափակչում «Լացիոյին» պարտություններից հետո, դժբախտությունները չավարտվեցին: Ակումբի ղեկավարությունը որոշում կայացրեց վաճառել իր առաջատարներից երեքին` Մարկինյոսին, Լամելային և Օսվալդոյին, և բոլորովին այլ նախագիծ սկսել Ռուդի Գարսիայի հետ: Դա ակումբի ղեկավարության առաջին ճիշտ քայլն էր, քանի որ ֆրանսիացին բավականին մոտ է իր նախորդների` Լուիս Էնրիկեի և Զդենեկ Զեմանի դավանած խաղաոճին, բացի այդ՝ նա նաև կարողանում է խաղ կարգավորել պաշտպանությունում: Գարսիայի՝ գլխավոր մարզչի պաշտոնին նշանակմանը հաջորդեց լավ տրանսֆերային արշավ, որի ընթացքում պայմանագրեր ստորագրվեցին Մայկոնի, Մորգան Դե Սանկտիսի, «Սերիա Ա-ի» լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկի` Մեհդի Բենատիայի, Կևին Ստրուտմանի՝ ում ցանկանում էր գնել նաև ՄՅՈՒ-ն, Ժերվինյոյի և Ադամ Լյայիչի հետ, ով կոչված էր փոխարինելու Լամելային: Դեռևս միջմրցաշրջանում «Ռոմայի» մի շարք խաղացողներ պնդում էին, որ իրենք յուրահատուկ ներդաշնակություն են զգում Գարսիայի հետ աշխատելիս: Թիմը փայլուն մեկնարկեց՝ առաջնությունում ցուցադրելով «Սերիա Ա-ում» լավագույն ֆուտբոլը, բայց մինչ դերբին կարելի էր հաղթանակները «բարդել» մրցակիցների կարգին: Դերբիում հաղթանակից հետո սկսեցին Գարսիայի թիմի մասին ավելի շատ խոսել, եղան նաև մտքեր հավանական «Սկուդետտոյի» մասին, որոնք «Ռոմայի» ֆուտբոլիստները անընդհատ հերքում էին՝ ասելով, որ պայքարում են ՉԼ-ում հայտնվելու համար:

Սակայն Մացարիի «Ինտերի» 0-3 հաշվով ջախջախումից հետո նրանց ոչ ոք չի հավատում՝ թեկուզ միայն հենվելով վիճակագրության վրա, որը ցույց է տալիս, որ Իտալիայում ընդամենը մեկ անգամ է եղել, երբ առաջին 7 տուրերում հաղթանակներ տարած թիմը չի նվաճել «Սկուդետտոն»:

Գարսիան վերակենդանացրեց ոչ միայն Տոտտիին, ով կամաց-կամաց վերածվում էր պահեստայինի, իսկ այժմ կառուցում է ամբողջ խաղն ու քայլելով որոշում հանդիպումների ելքերը, այլև Դե Ռոսսիին, ով գավաթի եզրափակչից հետո ցանկանում էր լքել թիմը: Գումարեք նաև Ժերվինյոյին`դարձել է 3 գոլի հեղինակ, իսկ խաղում միջինը կատարում է 4 հաջող անցում, համեմատության համար, օրինակ՝ Մեսսիին կատարում է 5,  Բալձարետտիին, ով կրկին հրավիրվում է հավաքական և Ֆլորենցիին` հաղթում է մրցակցությունը Լյայիչի դեմ, և կստանաք այն թիմը, որը «Բավարիայի», «Ատլետիկոյի» և «Բարսելոնայի» հետ մեկտեղ Եվրոպայում լավագույն ֆուտբոլն ու լավագույն արդյունքներն է գրանցում:

«Նապոլիում» ևս փոփոխություններ էին սպասվում՝ դեռևս նախորդ մրցաշրջանի ավարտից սկսած: Մացարին և Կավանին, համարելով, որ նրանք արդեն գերազանցել են «Նապոլիի» կարգը, որոշեցին տեղափոխվել նոր ակումբներ, առաջինը՝ «Ինտեր», որտեղ նրան սպասվում էր ավելի բարձր աշխատավարձ, և որտեղ նրան խոստացան գումարներ ներդնել տրանսֆերների համար, իսկ երկրորդը՝ ՊՍԺ, որը պետք է ավելիին հավակներ ՉԼ-ում, քան «Նապոլին» էր: Ակումբի սեփականատեր Դե Լաուրենտիսը կարողացավ առավելագույնը քամել Կավանիի տրանսֆերից և ստացավ իր կողմից նախանշած 65 մլն €, որին գումարելով ևս 24 մլն՝ ձեռք բերեց Իգուաինին, ով իր կարգով չի զիջում Կավանիին, ևս երկու հարձակվողներ` Դուվան Զապատային, ում հայրենիքում համարում են նոր Ֆալկաո, և Դրիս Մերտենսին: «Ռոմա» տեղափոխված Դե Սանկտիսի փախարեն վարձակալվեց Պեպե Ռեյնան, որին հաջորդեց ևս երկու իսպանացիների` Կալյեխոնի և Ալբիոլի տեղափոխությունը «Նապոլի»: Իսկ ո՞վ կարող էր ղեկավարել նման «իսպանականացված» նախագիծը: Իհարկե՝ Ռաֆա Բենիտեսը:

Մացարիին Բենիտեսով փոփոխությունը առաջին հերթին ենթադրում էր «3-5-2-ից» «4-2-3-1-ի» անցում, որը միանշանակ չընդունվեց Իտալիայում նորաձևություն դարձած «3-5-2-ի» ստեղծողների՝ Մացարիի երկրպագուների կողմից:

Բենիտեսը, ով մինչ այստեղ ժամանելը «Չելսիում» հասցրել էր իր հանդեպ վատ տրամադրված երկրպագուներին համոզել իր բարձր պրոֆեսիոնալիզմի հարցում, սկսեց հաղթանակներով, սակայն այստեղ ևս, մինչ «Միլանի» դեմ խաղը, մրցաշրջանում նրանց միակ լուրջ մրցակիցը ՉԼ-ում էր: «Բորուսիայի» դեմ խաղում նրանք, իհարկե, փայլում էին և կարողացան ոչ միայն հաղթել, այլև հունից հանել Յուրգեն Կլոպին: Մինչ այս պահը «Սերիա Ա-ում» «Նապոլիի» միակ սայթաքումը՝ «Սասուոլոյի» դեմ ոչ-ոքին, կարելի է բարդել մրցակցին թերագնահատելու խնդրի վրա, իսկ ՉԼ-ում «Արսենալի» դեմ նրանք «Էմիրեյթս» դուրս եկան արդեն պարտված: ՉԼ-ում «փլեյ-օֆֆ» դուրս գալու հիմքը պետք է դնել մոտակա երկու տուրերում՝ օգտվելով խաղացանկից, որտեղ «Արսենալն» ու «Բորուսիան» երկու անգամ իրար դեմ են մրցելու, այնինչ «Նապոլին» խաղալու է խմբի հետնապահ Մարսելի «Օլիմպիկի» դեմ: Իսկ «Սերիա Ա-ում» «Ռոմայից» պարտության դեպքում նրանք առաջատարից հետ կմնան արդեն 5 միավորով:

Ընդհանուր առմամբ՝ «Նապոլին» «Ռոմայից» թե՛ խաղամակարդակի, թե՛ արդյունքերի առումով այդքան էլ հետ չի մնում, պարզապես խնդիրն այն է, որ այստեղ տրանսֆերների համար ծախսել էին 90 մլն €, ինչը ենթադրում էր, իհարկե, լավ արդյունքներ:

Հավանական մեկնարկային կազմեր

Երկու թիմերի կազմերում էլ կորուստները, կարելի է ասել, մինիմալ են: «Ռոմայից» կբացակայեն, որակազրկման պատճառով Բալձարետին և վնասվածք ունեցող Դեստրոն: Իսկ «Նապոլիից» կասկածելի է միայն Ցունիգայի և Ինսինյեի մասնակցությունը, ով մկանային խնդիրներ ունի Իտալիա – Հայաստան խաղից հետո:

«Ռոմա»: Դե Սանկտիս; Մայկոն, Բենատիա, Կաստան; Դոդո, Դե Ռոսի, Պյանիչ, Ստրուտման; Ժեչվինյո, Ֆլորենցի, Տոտտի:

«Նապոլի»:  Ռեյնա; Մաջիո, Ալբիոլ, Բրիտոս, Արմերո; Ինլեր, Բեհրամի, Համշիկ; Կալյեխոն, Մերտենս, Իգուաին:

Կանխատեսում

«Ռոման» կհանդիպի մրցաշրջանում դեռևս ամենաբարդ մրցակցին, որն ի տարբերություն իրենց՝ ամեն դեպքում հավակնում էր «Սկուդետտոյին»: Սակայն այս պահի դրությամբ «Ռոմայի» հաղթանակը ավելի հավանական և արդարացված է թվում` 2-1: 

Նախորդ հոդվածը‘«Վերադարձ» երաժշտական փառատոն. Պրեմիերաներ և հետաքրքիր դուետներ’
Հաջորդ հոդվածը‘ԵԱԶԲ ՆՀԿ-ն կհրապարակի Հայաստանի եւ ՄՄ միջև համագործակցության տարբեր սցենարների գնահատման վերջնական զեկույցը’