Ռոնալդուն 12 տարի անց վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ»

686

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարեց Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձի մասին։ Բուժզննումից, վիզայի տրամադրումից հետո 36-ամյա ֆուտբոլիստը կմեկնի Մանչեսթեր։ 

Ավելի վաղ անգլիական մամուլը գրել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» իտալական «Յուվենտուսին» Ռոնալդուի տրանսֆերի համար կվճարի 30 միլիոն եվրո։

Ռոնալդուն Թուրինից մեկնել է Լիսաբոն։ Սպասվում է, որ կողմերը կկնքեն երկու տարվա պայմանագիր։

Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2003-2009-ին, 292 խաղում խփել է 118 գոլ։ Հասցրել է 4 տարի խաղալ Ուլե-Գունար Սուլշերի հետ։ 48-ամյա նորվեգացին այժմ մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչն է։

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ նա դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, Անգլիայի գավաթակիր, Անգլիական լիգայի կրկնակի գավաթակիր, Անգլիայի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։ 

2009-2018-ին Ռոնալդուն հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», որի հետ դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, կրկնակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող, Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն։ 

«Յուվենտուսում» Ռոնալդուն երկուական անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի եւ սուպերգավաթակրի կոչումները, մեկ անգամ՝ Իտալիայի գավաթը։

Նախորդ հոդվածըԿապան-Գորիս ճանապարհը բացվել է
Հաջորդ հոդվածըՍտանիսլավ Բուչնեւը՝ Հայաստանի հավաքականի խաղացող