‘
Իրանը չի ստորագրի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական պայմանագիրն այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերացվել իր դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է ԻԻՀ-ի նախագահ Հասան Ռոուհանին, փոխանցում է Reuters գործակալությունը:
«Մենք ոչ մի պայմանագիր էլ չենք ստորագրի, քանի դեռ նույն օրն իսկ չեն վերացվել բոլոր պատժամիջոցները,- ընդգծել է Ռոուհանին:- Մենք փոխշահավետ գործարք ենք ցանկանում միջուկային դոսիեի բանակցությունների գործընթացում ներգրավված բոլոր կողմերի համար»:
Մինչդեռ ԱՄՆ-ն հակված է պատժամիջոցները վերացնել աստիճանաբար, իսկ դրանք վերացնելու մեխանիզմները չեն մշակվել: «Պատժամիջոցներն աստիճանաբար վերացնելու մանրամասներն առայժմ չեն հաստատվել: Աշխատակազմում համոզված են, որ խելամիտ չէ առաջին իսկ օրվանից հանել պատժամիջոցները»,- ասել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը: Փոխանցում է ТАСС-ը:
‘