Ռոջեր Ուոթերսը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ԱԽ-ում

453

Լեգենդար Pink Floyd ռոք խմբի հիմնադիրներից մեկը՝ բրիտանացի երաժիշտ Ռոջեր Ուոթերսը, ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի հրավերով՝ այն բանից հետո, երբ վերջերս գերմանական թերթին տված հարցազրույցում հանդես էր եկել Վլադիմիր Պուտինի պաշտպանությամբ և նշել, թե Պուտինն «ավելի մեծ ավազակ չէ», քան արևմտյան առաջնորդները։

Սակայն ելույթի սկզբում նա անակնկալ է մատուցել ռուսաստանցիներին՝ հայտարարելով, թե «Ռուսաստանի Դաշնության ներխուժումն Ուկրաինա անօրինական էր, ես վճռականապես դատապարտում եմ դա»։ Բայց հետո երաժիշտը խոսել է այն մասին, որ Ռուսաստանն առանց պատճառի չէ, որ հարձակվել է Ուկրաինայի վրա։

«Միակ խելամիտ բանն այսօր կրակն Ուկրաինայում անհապաղ դադարեցնելն է։ Այլևս չի կարելի կորցնել ոչ մի ուկրաինական կամ ռուսական կյանք, ո՛չ մի, նրանք բոլորը շատ թանկ են մեզ համար»,- ասել է Ուոթերսը։

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան իր մեկնաբանության մեջ  անուշադրության է մատնել երաժշտի հայտարարությունը ռուսաստանյան անօրինական ներխուժման մասին և  նրան դրվատել է «դեպքերի ճշգրիտ վերլուծության» համար։

Մինչդեռ Անվտանգության խորհրդի մյուս անդամներն այնքան էլ չեն տպավորվել ռոք-վետերանի ելույթից։

«Ես, իհարկե, ընդունում եմ, որ նա, որպես երաժիշտ, նշանակալի ավանդ ունի։ Բայց արդյո՞ք նա բավարար չափով իրազեկ է՝ մեր առջև սպառազինության վերահսկողության կամ եվրոպական անվտանգության թեմաներով ելույթ ունենալու համար – դա ինձ համար այնքան էլ ակնհայտ չէ»,- ասել է ԱՄՆ փոխդեսպամ Ռիչարդ Միլսը։

Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կիսլիցան հիշեցրել է, որ Խորհրդային Միությունում Pink Floyd-ն արգելված էր՝ խորհրդային ներխուժումն Աֆղանստան քննադատելու համար։

«Իսկ հիմա պարոն Ուոթերսը փորձում է արդարացնել մեկ այլ ներխուժում։ Ճակատագրի հեգնա՞նք, թե՞ երեսպաշտություն։ Որքան տխուր է նրա երկրպագուների համար տեսնել, թե ինչպես է նա հանդես գալիս որպես հերթական աղյուսը ռուսաստանյան ապատեղեկատվության և քարոզչության պատի մեջ»,- ասել է Կիսլիցան։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀնարավոր է՝ Պուտինը ելույթ ունենա փետրվարի 22-ի հանրահավաք-համերգում
Հաջորդ հոդվածըՈՒԵՖԱ-ն նվիրատվություն է արել՝ օգնելու Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժից տուժածներին