‘
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսաստանյան «Ռոսնեֆտ» խոշորագույն նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինին:
Ըստ president.am-ի, զրուցակիցները քննարկել են տնտեսական, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում հեռանկարային և երկարաժամկետ համագործակցության զարգացման հնարավորությունները: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների շարունակական խորացման և ամրապնդման գործում երկուստեք կարևորվել է տնտեսական բաղադրիչի դերը: Հայաստանի տնտեսություն «Ռոսնեֆտ»-ի մուտքը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, մեծ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական փոխգործակցության զարգացման գործում:
«Ռոսնեֆտի» նախագահը հանդիպել է նաեւ Տիգրան Սարգսյանին:
Ըստ կառավարության լրատվական ծառայության, վարչապետը ողջունել է «Ռոսնեֆտ» և «Օյլ տեխնո» ընկերությունների նախաձեռնությամբ Հայաստանում նավթամթերքների մարքեթինգի և առաքման բնագավառում համատեղ ձեռնարկություն ստեղծելու նախագիծը և նշել է, որ մեր երկիրը շահագրգռված է դրանում: «Ուրախ ենք նման լուրջ ներդրողի՝ հայկական շուկա մուտք գործելու կապակցությամբ, և կներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի ծրագիրը հաջողությամբ իրականացվի»,- ասել է Սարգսյանը:
Իգոր Սեչինի խոսքով՝ Հայաստանում նավթամթերնքների՝ ավիավառելիքի, բենզինի, դիզվառելիքի մատակարարման լուրջ ներուժ է առկա և իրենց համար մեծ պատիվ է այդ ուղղությամբ համագործակցության նման պլատֆորմ ստեղծելու հնարավորությունը:
Հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ «Օյլ տեխնո» և «Ռոսնեֆտ» ընկերությունների միջև ստորագրվել է նավթամթերքների մարքեթինգի և առաքման բնագավառում համատեղ ձեռնարկություն ստեղծելու նպատակով համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:
Այն ստորագրել են «Օյլ տեխնո» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Ալավերդյանը և «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինը:
‘