‘Ռուբեն Գևորգյանց. Սցենարները հայկական կինոյի թույլ օղակն են ‘

1163

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը քննադատական գնահատական է տվել հայկական կինոյին:

ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով վերջին 2-3 տարում կինեմատոգրաֆի զարգացմանը` հայրենական արտադրանքը որակել է «թույլ կինո»: «Այ, դիտում ես մեր ֆիլմերը, նույնիսկ` փայլուն արվածները, այնուամենայնիվ, դրանք ֆանտասմագորիկ բաներ են, որոնք ընդհանուր ոչինչ չունեն իրական կյանքի հետ», — նշել է նա: Նրա ասելով, կինոնկարները պետք է ավելի կենսական լինեն: «Ֆիլմում հարկավոր է բարձրացնել հարցեր` «ինչու՞, ինչի՞ համար»: Կյանքն ինքնին այնքան անհեթեթ է, որ այն հարկավոր դնել ֆիլմերի հիմքում», — ասել է Գևորգյանցը:

Նրա կարծիքով, թույլ օղակ են, մասնավորապես, սցենարները: «Մենք ունենք արձակագիրներ, և ռեժիսորները պետք է նրանց հետ աշխատեն», — նշել է նա: «Կաղում է» նաև դերասանական դպրոցը: «Այսօրվա դրությամբ մենք չունենք դերասանական վարպետության ասեր: Սակայն ես շատ հանգիստ եմ վերաբերվում նման բաներին, քանի որ այդ ոլորտում զարգացումը տեղի է ունենում ալիքաձև: Կգա ժամանակը, և մեզանում դարձյալ ի հայտ կգան Խորեն Աբրահամյաններ և Հրաչյա Ներսիսյաններ», — ընդգծել է Գևորգյանցը:    

Նա նաև խոստովանել է, որ քննադատաբար է վերաբերվում Հայաստանի ազգային կինոմրցանակին` «Հայակին», ինչպես նաև «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ին: Գևորգյանցի քննադատությանն են արժանացել, մասնավորապես, «Հայակ» մրցանակի արժանացած Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի «Փարաջանովը» և Արեգ Ազատյանի ու Շողիկ Թադևոսյանի «Ռոմանտիկները»: «Փարաջանովի» պարագայում Գևորգյանցը հիասթափված է այն  առնչությամբ, որ Վարպետին ներկայացրել են որպես ծաղրածու, մինչդեռ իրականում նա մեծ մտածող էր: Ինչ վերաբերում է «Ռոմանտիկներին», ապա ժապավենը որակվել է որպես հակահայկական և թուրքանպաստ կինո:

Նախորդ հոդվածը‘Տ. Ուրիխանյան. Ժողովրդի տրամադրությունը միանշանակ է՝ գալու ենք, մասնակցելու ենք’
Հաջորդ հոդվածը‘Ավետ Պողոսյան. Հասարակության ու ընդդիմության ակնկալիքները համընկնում են ‘