‘
Նրանք, ովքեր հարձակվում են Ռուբեն Հախվերդյանի «ադրբեջանական խուլ գավառ» արտահայտության վրա, հավանաբար չեն նկատել, որ համաձայն են երգահանի այն մտքի հետ, թե «գնացքից թռանք, ընկանք թրիքը»: Ուրեմն, համաձայն են լինել թրիքի ներկայացուցիչ, բայց համաձայն չեն, որ Կևորկովի ժամանակ Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող Ղարաբաղի մասին Ռուբեն Հախվերդյանն ասի «ադրբեջանական խուլ գավառ»: 860 հազար մարդ, պաշտոնական տվյալներով, քվե է տվել «թրիքի լուսարարապետին»:
Ի՞նչ կապ ունի, թե ինչ է ասել Ռուբեն Հախվերդյանը: Սերժ Սարգսյանն ինքն է արժեզրկել այն հողը, որտեղից եկել է Հայաստան: Երբ ծնողազուրկ երեխան հանցագործ է դառնում, նա արժեզրկում է այն մանկությունը, որը նրան պիտի ավելի ուժեղ դարձներ: Ռուբեն Հախվերդյանը գիտի, թե էներգետիկ ինչ աշխարհ է Արցախը: Բայց նա ուրիշ անուն չի կարող տալ այն տարածքին, որտեղից Սերժ Սարգսյանն է եկել: Կամ համաձայնեք, որ Ռուբեն Հախվերդյանը ճիշտ է, կամ մի դատապարտեք Սերժ Սարգսյանի գործողությունները, որոնց արդյունքում, ամենայն հավանականությամբ, Հայաստանն էլ կդառնա «ադրբեջանական խուլ գավառ»: Ռուբեն Հախվերդյանն ունի խոսքի իրավունք: Վատ է, որ նա այդ իրավունքից օգտվել է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին, բայց եթե այդ հանրահավաքը չլիներ, հազիվ թե երգահանը Սերժ Սարգսյան ձևակերպած տարածքի մասին այլ կարծիք ունենար: Ռուբեն Հախվերդյանը դրան կարող էր ասել, ասենք, «Մալաթիայի ընտրատարածք»: Եվ ի՞նչ, կսխալվե՞ր: Ո՞վ է Մալաթիայի ընտրատարածքներում դրության տերը: Կարիք կա՞ ասելու: Ո՞վ է այդ մարդու երաշխավորը: Եվ իրավունք ունե՞ն մալաթիացիները, ավանցիները, էրեբունցիները, սյունեցիները բորբոքվելու Ռուբեն Հախվերդյանի ասածներից։ Ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետությունից մարդը փախչում: Եվ ինչո՞ւ մարտի 1-ի 10 զոհերի սպանությունը չբացահայտող երկիրը, որտեղ արդեն բացահայտման հասարակական պահանջարկն էլ չկա, չի կարող կոչվել «ադրբեջանական խուլ գավառ»: Բայց չէ՞ որ այս հողի վրա թափվել է Մովսես Գորգիսյանի արյունը: Եվ ի՞նչ: Մարդիկ չե՞ն լքում այս հողը:
Նշանակում է խնդիրը Ռուբեն Հախվերդյանի ասածը չէ: Նա, ի վերջո, քիչ բան չի արել, որ այս հողը չդառնա «ադրբեջանական խուլ գավառ»: Բայց տեսեք, որ տանուլ է տվել իր ջանքերը: Եթե սա Հայաստանի ինքնիշխան հանրապետությունն է, ուրեմն այստեղից ո՞ւր են փախչում մարդիկ: Մարդիկ փախչում են բանտերից, գերությունից ու համակենտրոնացման ճամբարներից: Նշանակում է, որ կամ ընդունեք, որ ոչ ոք Հայաստանից չի փախչում, որ կոռուպցիան չի խեղել այս երկիրը, որ սա էր ձեր երազած անկախությունը, կամ համաձայնեք Ռուբեն Հախվերդյանի հետ: Քանզի ո՞վ ասաց, որ վիճակն ավելի լավ է Լեռնային Ղարաբաղում: Եթե դուք ունեք սրբություններ, շատ տարօրինակ է, որ դրանք դուք ունեք Ռուբեն Հախվերդյանի խոսքի արժեքի վրայից թռչելով: Եթե ուշադիր լինեիք, կնկատեիք, որ մարդը պարզ հայերենով է ասել՝ էն ժամանակ Ադրբեջանին էր պատկանում Լեռնային Ղարաբաղը: Ըստ իս, նույնիսկ մեծահոգություն կա ձևակերպման մեջ: Ղարաբաղը պատկանել է Ադրբեջանին: Իսկ ո՞ւմ է պատկանում Հայաստանը՝ «ադրբեջանական խուլ գավառից» եկած մարդուն: Ոչ մի հակասություն, լեզվի սայթաքում ես չեմ տեսնում: Եվ, ի դեպ, վատ հայերենով եք հարձակվում այդ մարդու վրա: Բարեբախտաբար, Մատենադարանի ձեռագրերն էլ չեք վկայակոչում ձեր իրավացիությունը հաստատելու համար:
Մհեր Արշակյան
«Հրապարակ»
‘