‘Ռուբեն Հայրապետյանը ավելի լավ կանի մտածի իր պարտականությունների մասին’

844

Ուկրաինական КОМАНДА առաջատար մարզական հանդեսի լրագրողները ամփոփելով 2012 թվականը` ՈՒՊԼ-ի ընթացիկ տարվա լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել Հենրիխ Մխիթարյանին: Հարցմանը մասնակցել են առաջնության 16 ակումբներից 15-ի մարզիչներն ու խաղացողները: Անշուշտ, անչափ ուրախալի է, որ մեր սիրելի ֆուտբոլիստը նման բարձր պատվի է արժանացել: Այս տեղեկությունը ստանալուց հետո եւս մեկ անգամ անհրաժեշտություն է առաջանում շեշտել, որ Հենրիխի նման տաղանդավոր ֆուտբոլիստի չի կարելի ներքաշել կեղտոտ խաղերի մեջ, ինչպես վարվեցին օրերս, երբ վերջինիս ակնհայտորեն ուղղորդեցին հրաժարվել ՀԱՕԿ-ի բարձրագույն պարգեւ՝ «Ոսկե Շղթայից»: Նրանք, ովքեր կանգնած են Մխիթարյանի նման որոշման ետեւում, եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ իրավիճակը սրելու եւ մթնոլորտը պղտորելու փոխարեն՝ ճիշտ կվարվեն, եթե հանգիստ թողնեն Հենոյին եւ զբաղվեն իրենց բուն պարտականությամբ: Ընդ որում, անգամ եթե լավագույն մարզիկների տասնյակի հետ կապված անհամաձայնություններ ու խնդիրներ են եղել, նույնիսկ այս պարագայում, ինչպես ասում են, Ռուբեն Հայրապետյանը չէ, որ պետք է այդ կապակցությամբ առիթն օգտագործի, եւ սպորտն օգտագործի իր քաղաքական նպատակներով: Հայրապետյանը առիթն օգտագործելու փոխարեն, լավ կանի փորձի շտկել հայկական ակումբային ֆուտբոլում առկա տխուր իրավիճակը: Անշուշտ, մենք ուրախ ենք, որ հայ ֆուտբոլիստը դարձել է Ուկրաինայի լավագույն խաղացող, բայց կա նաև այլ իրականություն` զուտ հայաստանյան: Իսկ իրականությունը այն է, որ հայկական ակումբներում հանդես չի գալիս գոնե մեկ ֆուտբոլիստ, որը հավակնի հայտնվել Հայաստանի լավագույն հարյուր մարզիկների շարքում: Վերցրեք ակումբային վարկանիշային աղյուսակը եւ տեսեք, թե որ տեղում է Հայաստանը: Եվրոպայի ակումբայի թիմերի դասակարագման աղյուսակում 53 երկրների մեջ Հայաստանը` 50-րդ է: Մենք առաջ ենք միայն Սան Մարինոյից, Ֆարերյան կղզիներից եւ Անդորրայից: Ինչի կապակցությամբ սրտանց շնորհավորում ենք Ռուբեն Հայրապետյանին: Համեմատության համար նշենք, որ Վրաստանը եւ Ադրբեջանը առաջնությունն անցկացնում են երկու խմբով, իսկ դասակարգման աղյուսակում զբաղեցնում են 31-րդ եւ 32-րդ տեղերը: Իսկ երբ հրապարակվում է առանձին ակումբների դասակարգման աղյուսակը եւ լավագույն 350-ի մեջ սկսում ես փնտրել Փյունիկին, ապա գործն անօգուտ է.  հայկական որեւէ թիմ չի լինում: Այնպես որ, ինտրիգների փոխարեն, կարելի է զբաղվել ակումբային ֆուտբոլի կայացմամբ: Իսկ խնդիրները, բնականաբար, շատ են: Օրինակ՝ ֆուտբոլիստ Նորայր Մամեդովը, որին ցանկանում են հրավիրել ազգային հավաքական, ժամանակին Հայաստանում մերժված էր եւ նրա առաջ փակ էին մեծ ֆուտբոլի դռները` որպես անհեռանկարային ֆուտբոլիստ: Հիմա նա ընտանիքի հետ հայտնվել է հեռավոր Հոլանդիայում եւ ազգանվան հետ կապված խնդիրն է լուծում` ազգային թիմում խաղալու համար: Հենց այս խնդիրների մասին է պետք մտածել, եւ ոչ թե տաղանդավոր ֆուտբոլիստին ներքաշել տհաճ իրավիճակների մեջ:

Հ. Գ. Համացանցում հայտնվել է մի հոդված, որի հեղինակը կոչ է արել Հայաստանի հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին չներքաշվել քաղաքականության մեջ: Այն արդեն հավանության է արժանացել մոտ տասը հազար օգտատերերի կողմից: Հոդվածում նշվում է. «Վերջին մի քանի օրերին ցավալիորեն կեղտոտ խաղի մեջ է ներքաշվել մեր բոլորի սիրելին` Հենրիխ Մխիթարյանը: Մի խաղ, որում ինքը ոչ մի կապ չունի: Հարսնաքարի տիրոջ հետքը այս խաղում պարզորոշ երևում է: Բայց մեզ հետաքրքրողը նա չէ: Մարզական լրագրողների կողմից տարվա տասը լավագույն մարզիկների ցուցակում Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը, իրոք, շատերի մոտ զարմանք առաջացրեց: Մի բան, սակայն, ակնհայտ է. մրցույթը, լինի արդար կամ ոչ արդար, անց են կացրել մարզական լրագրողները, և այլ կողմ տանել խնդիրը` ուղղակի անիմաստ է: Մենք կոչ ենք անում, մեր սիրելի Հենրիխ Մխիթարյանին. քո իրավունքն է վերցնել կամ հրաժարվել օլիմպիական կոմիտեի պարգևից, բայց թույլ մի տուր, որպեսզի քո բարի համբավն ու հեղինակությունը այլոք օգտագործեն: Իմացիր, որ օլիմպիական կոմիտեի մրցանակը, մեր բոլորի սրտերից է` մենք բոլորս գտնում ենք, որ դու արժանի ես դրան: Մի հանգամանք ևս. Արգենտինայի մարզական լրագրողների որոշմամբ, Լեոնել Մեսսին համարվել է այս տարվա Արգենտինայի ընդամնեը երրորդ մարզիկը: Բայց Արգենտինայում ոչ մեկի մտքով չանցավ կեղտոտ խաղի մեջ ներքաշել Մեսսիին»:       

Գ.Հ. 

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» հրաժարվում է Emirates-ի հետ համագործակցությունից’
Հաջորդ հոդվածը‘Վահան Վարդապետյան. ՀԱԿ-ը այն հավաքականությունն է, որտեղից ոտքը դուրս դնողը դառնում է քաղաքական դիակ’