‘
Երեկ Լուրեր.com լրատվական կայքը տեղեկություն էր տարածել, թե նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ծանր վնասվածք ստացած Ղուկաս Պողոսյանին պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու համար բժիշկ Վարդան Հովասափյանին դաժան ծեծի է ենթարկել, և Հովասափյանը ծանր վիճակում՝ դեմքը կարված, ծնոտը կոտրած, դուրս է եկել ֆեդերացիայից:
iLur.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, թե տեղյակ են հրապարակումից: Մեր հարցին, թե հաղորդում ստացե՞լ են, ասաց՝ ոչ: «Հրապարակումն ուսումնասիրում ենք»,- ասաց Մալխասյանը: Հետաքրքրվեցինք, թե այդ ուսումնասիրությունների արդյունքում ինչ են հայտնաբերել: «Նոր է ուսումնասիրվում, առաջիկայում տեղեկություն կտանք»,- խոստացավ ոոստիկանության լրատվական վարչության աշխատակիցը:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի խորհրդական Արայիկ Մանուկյանն էլ արդեն իսկ հերքել էր այդ լուրը: iLur.am-ը կապ հաստատեց Արայիկ Մանուկյանի հետ՝ որոշ մանրամասներ ճշտելու համար:
-Պարոն Մանուկյան, դուք բժիշկ Վարդան Հովասափյանին ճանաչո՞ւմ եք:
-Իհարկե:
-Տեղյա՞կ եք Հովասափյանի գտնվելու վայրի ու առողջական վիճակի մասին:
-Ես Հայաստանում շատ մարդկանց եմ ճանաչում ու չեմ կարող բոլորի գտնվելու վայրն ու առողջական վիճակն իմանալ:
-Ռուբեն Հայրապետյանը ցուցմունք տվե՞լ է, կամ նրան ոստիկանություն կանչե՞լ են այս գործի առնչությամբ:
-Ոստիկանությունում ինչ-որ բա՞ն է եղել, դուք տեղյա՞կ եք:
-Ասացին՝ ուսումնասիրում են:
-Ոստիկանությանը հարցրեք: Էդ մասով ես ամեն ինչ ասել եմ ու Ձեր բոլոր անտրամաբանական հարցերին պատասխանելու ցանկություն չունեմ:
Հ.Գ. Նա նաեւ խորհուրդ տվեց ավելի լուրջ բանով զբաղվել, եւ հայտարարեց, թե «մենք պատրաստվում ենք այսօրվա Լիտվայի խաղին, Սարգիս Հովսեփյանին հրաժեշտ տալու, այդ թվում՝ Ռուբեն Հայրապետյանը»:
‘