‘Ռուբեն Հայրապետյան. Ազնվորեն ասած՝ ունեմ ՀՖՖ նախագահի պաշտոնը լքելու ցանկություն (տեսանյութ)’

1198

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակը Դանիայի հետ խաղում անսպասելի չէր, ֆուտբոլիստներն արել են այն, ինչ պարտավոր էին անել: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, Կոմիտասի անվան պանթեոնում (Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա առթիվ), մի քանի լրագրողի հետ զրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Երբ իրենք մինչ այդ չեն արել ինչ-որ բաներ, հիմա մեզ բոլորիս թվում է անսպասելի, ուղղակի հավաքականը մյուս խաղերը խաղացել է շատ վատ, հիմա խաղացել է ոչ թե շատ լավ, այլ ուղղակի արել են իրենց գործը, որ պետք է անեին: Փոփոխություն չկա, բազմաթիվ պատճառներ կային: Իմ անձնական կարծիքն է, որ Մալթային թերագնահատելով մտան խաղադաշտ, համարելով, որ ավելի բարձրակարգ թիմ են իրենք եւ պատժվեցին, իսկ Դանիայում մտան նվիրումով. անմնացորդ ամեն ինչ արեցին, արեցին իրենց աշխատանքը եւ ունեցանք արդյունք»,- Հայրապետյանի խոսքերն է մեջբերում news.am-ը:

Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ երեկվա խաղում թերություններ կային, պաշտպանությունում բազմաթիվ սխալներ են եղել, մանավանդ` առաջին խաղակեսին: «Զարմանալին այն էր, որ պաշտպանական գծում խաղում էր երիտասարդ ֆուտբոլիստ, նա չէր սխալվում, իսկ փորձառուն սխալվում էր: Բնականաբար կար լարվածություն, այդքան հեշտ չէ Մալթայի նման թիմին պարտվելուց հետո հոգեբանական պրոբլեմ չլիներ, բայց երկրորդ խաղակեսում հավաքականը անթերի խաղաց»,- ասել է նա:

Հայրապետյանն նշել է, որ ֆեդերացիան անում է աշխատանքներ, Մալթայի հետ խաղից հետո թիմում կար հոգեբանական պրոբլեմներ, եւ իրենք պարտավոր էին անել այն ամենը, որ տղաները հաղթահարեն հոգեբանական «բարիերը», «կարծում եմ` ստացվել է»:

ՀՖՖ նախագահը հավաքականում փոփոխություններ անելու անհրաժեշտություն չի տեսնում: «Փոփոխությունները պետք է իրենց մտածելակերպի մեջ լինեն, կարծում եմ` արդեն իրենք հասկացել են: Կարծում եմ` մի քիչ մենք էլ էինք մեղավոր, որ իրենց շատ մեծարեցինք, ինչպես հայ բոլոր ֆուտբոլիստները, եղել է պահ, երբ ոտները կտրվել է գետնից, բայց կարծում եմ հիմա իրենք ամուր գետնի վրա են կանգնած: Աստված տա պահպանեն իրենց մարզավիճակը, մտածելակերպը, որ չի կարելի երկրի, ժողովրդի հետ խաղալ, երկրպագուի հետ խաղ անել, եւ նվիրվածությամբ մտնել դաշտ խաղալ կամ չանել»:

Ինչ վերաբերում է Մալթայի հետ խաղից հետո ՀՖՖ ղեկավարի հասցեին հնչած քննադատություններին, ապա Ռուբեն Հայրապետյանն այս կապակցությամբ ասել է. «Բնականաբար դա նորմալ է, որովհետեւ ֆուտբոլի համար մեկ պատասխանատուն ես եմ, միշտ էլ եղել է, հաղթում են ֆուտբոլիստներն ու մարզիչը, պարտության պատասխանատուն միշտ ֆեդերացիայի ղեկավարն է, քննադատություններին նորմալ եմ վերաբերում, դրանք օգնում են մեզ բոլորիս»:  Հարցին, թե ՀՖՖ ղեկավարի պաշտոնից հրաժարվելու ցանկություն չունե՞ք, նա պատասխանեց: «Ազնվորեն ասած ունեմ, որովհետեւ դուք ուզում եք, իսկ որ ժողովուրդը մի բան ուզում է, ես անում եմ»:

Նախորդ հոդվածը‘ՊՆ խոսնակ. Արտակ Բուդաղյանի վիճակը նորմալանում է’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիան պատասխանել է Ադրբեջանի բողոքի նոտային’