‘
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացավ գործադիր կոմիետի փակ նիստը, որի ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
— Այս ասուլիսը հրավիրել եմ՝ տեղեկացնելու, թե ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում:
— Ինչո՞վ էր պայմանավորված Վարդան Մինասյանի հրաժարականը եւ Ձեր մերժումը:
— Ցանկացած նորմալ մարդ էլ անհաջող խաղից հետո ընկճվում է: Երեք խաղում պարտությունից հետո հրաժարականի դիմումը հասկանալի է: Այնուամենայնիվ, այսօր գործադիր կոմիտեն քննարկեց այն եւ նույնպես մերժեց: Ինչո՞ւ ես մերժեցի: Ամենամեծ քննադատը ես եմ: Ես խնդիր էի դրել, բայց եղավ ձախողում, բայց ես գտնում եմ, որ Վարդան Մինասյանը մեղք չունի: Եթե նա չլիներ ոչ աշխատասեր, ընդունված չլիներ ֆուտբոլիստների կողմից, ապա ես կընդունեի նրա հրաժարականը: Բայց նա մեղք չունի, որ հավաքականը 3 խաղ անընդմեջ չի կարողանում հաղթել: Պարտություններն ունեն տարբեր պատճառներ:
— Վարդան Մինասյանն ասուլիսի ժամանակ ասաց, որ Բրազիլիա մեկնելու խնդիր դրված չէ, իսկ Դուք մինչ այդ ասել էիք, որ նման խնդիր է դրված: Ինչպե՞ս հասկանանք այս ամենը:
— Որքանով ինձ հայտնի է, Վարդան Մինասյանն ասել է, որ ինքը Բրազիլիա մեկնելու մասին բան չի ասել: Իրականում, նա ճիշտ չի արել, որ նման արտահայտություն է արել: Հավաքականը տուրիստական գործակալություն չէ, և, բնականաբար, պետք է խնդիր դրվի: Պահի ազդեցության տակ նա ճիշտ չի արտահայտվել, ինչը նրան բնորոշ չէ:
Խնդրում եմ բառերից մի կառչեք: Հավաքականի առաջ խնդիր է եղել՝ պարտադիր անցնել եզրափակիչ փուլ:
— Ի՞նչ արմատական փոփոխություններ եք կատարելու:
— Արմատական փոփոխությունների անհրաժեշտություն չկա։ Ուղղակի վնասվածք ունեցողները եւ որակազրկվածները պետք է վերադառնան շարք ու մենք կրկին կունենանք ցանկալի արդյունք: Իհարկե, կան որոշ խնդիրներ, բայց ես խոստանում եմ, որ կլուծենք:
— Տոմսերի հետ կապված խնդրի վերաբերյալ ի՞նչ մեկնաբանություն կտաք:
— Այն, ինչը կապված է բուն ֆուտբոլի հետ, մենք ենք պատասխանատվություն կրում: Բայց մենք ունեինք պայմանագիր «Արմոբիլ» ընկերության հետ, որտեղ հստակ նշված էր, թե ինչ էր պահանջվում նրանցից: Նրանց մեղավորությունն է այս ամենը: Տոմսով երկրպագուները տուժեցին նաեւ տոմս չունեցողների պատճառով, որոնք առանց տոմսի փորձում էին մուտք գործել մարզադաշտ:
— Հնարավո՞ր է՝ փոխհատուցում տրվի նրանց, ովքեր տոմսերով մարզադաշտ չեն մտել:
— Բնականաբար, մենք խնդիրներ ենք ունենալու «Արմոբիլի» հետ եւ եթե արդյունք լինի…
Բայց նշեմ, որ վերջին 10 օրը ֆուտբոլի ֆեդերացիան խնդրում էր շուտ գալ մարզադաշտ:
— Ինչպե՞ս կմեկնաբանեք Հենրիխի Մխիթարյանի այն մեկնաբանությունը, ըստ որի՝ հավաքականում որոշ խաղացողներ սիրտ եւ հոգի չեն դնում:
— Ինքը իրավունք չունի նման բաներ ասելու: Նա հուզված է եղել, իսկ խաղից հետո 1-2 ֆուտբոլիստ իրենց կրկեսի կլոունի նման են պահել… Բայց, միեւնույն է, նա իրավունք չուներ նման բան ասել: Միայն ես եւ գլխավոր մարզիչը կարող ենք նման բան ասել:
— Քանի՞ միավոր եք ակնկալում մնացած 6 խաղերից:
— Խոստանում եմ, որ գուշակություն անող մարդկանցից կհետաքրքրվեմ և վաղը կասեմ:
— Կա՞ն ֆուտբոլիստներ, որոնք չէին համապատասխանում հավաքականի մակարդակին:
— Առհասարակ ընդունված չէ խաղացողների անուններ տալը: Երբ ես Էդգար Մանուչարյանին քննադատեցի, բոլորդ հարձակվեցիք իմ վրա: 2-3 օր է, ոչ մեկդ չի գրել, թե ինչպես հանդես եկավ Էդգար Մանուչարյանը: Ինձ համար կարեւոր է, որ Տարոն Ոսկանյանը վստահ հանդիպում անցկացրեց: Հիմա կասեք, որ սխալներ թույլ տվեց: Այո, եղան 1-2 սխալներ, բայց նա ապագայում կարող է հաստատվել հավաքականում: Նույնը Կամո Հովհաննիսյանի վերաբերյալ կարող եմ ասել:
— Կա՞ որեւէ պահանջ Վարդան Մինասյանի առջև:
— Բոլորս էլ հասկանում ենք, որ իրատեսական չէ մնացած 6 խաղերում հաղթելը: Վնասված է մեր հավաքականի հեղինակությունը: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի վերականգնեք հեղինակությունը: Պետք է ապացուցենք, որ մեր հավաքականը ուժեղ է, եւ պարտավոր ենք ուրախացնել մեր ժողովրդին:
— Կարո՞ղ ենք նոր ֆուտբոլիստներ տեսնել հավաքականում:
— Իհարկե: Ահա 3 ֆուտբոլիստ երիտասարդականից հրավիրվել էր ազգային հավաքական: Բայց միանգամից ռիսկի չենք դիմել: Տարոն Ոսկանյանը լավ օրից չէ, որ խաղաց: Ընտրությունը կատարվել է Տարոն Ոսկանյանի եւ Վարազդատ Հարոյանի միջեւ: Իսկ ահա Արտյոմ Խաչատուրովը դեռ չի կարող խաղալ ազգային հավաքականում: Նա երիտասարդ տղա է, նա դեռ պետք է պատրաստվի:
Armsport.am
‘