‘Ռուբեն Հայրապետյան. Յուրչենկոն ստում է՝ ասելով, որ ֆեդերացիայից իր հետ կապ չեն հաստատել ‘

1418

‘

Երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նա նշել է, որ լրագրողների հետ հանդիպման առիթը վերջին օրերին մամուլում շրջանառվող այն տեղեկություններն են, ըստ որոնց՝ ինքը պատրասվում է «Փյունիկ» ակումբից բացի վաճառել նաև իր մնացած ակտիվներն ու լքել Հայաստանը:

Բնականաբար, վերջին օրերին մեծ հնչեղություն ստացած՝ «Անժի»-ի դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի հրավերի հետ կապված իրադարձությունների զարգացման մասին բազմաթիվ հարցեր հնչեցին: Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ Յուրչենկոն ստում է՝ ասելով, որ ֆեդերացիայից իր հետ կապ չեն հաստատել:

— Ֆեդերացիայի գործադիր տնօրենի տեղակալ Աշոտ Մանուկյանը, ով ներկա է այս սրահում, երկու անգամ անձամբ է հանդիպել նրան: Կապ հաստատելն էլ ինչպե՞ս է լինում,— նշե լէ ֆեդերացիայի նախագահը: Հարցին, թե անձամբ իր կարծիքով որքա՞ն հեռանկարային է Բեգլարյանին Յուրչենկոյով փոխարինելը, ֆուտբոլային գերատեսչության ղեկավարն ավելի անկեղծացավ. «Յուրչենկոն մեզ պետք է առաջիկա երեք՝ Չերնոգորիայի, Դանիայի և Լեհաստանի դեմ խաղերի համար: Եթե այս անգամ չեկավ, այլևս նա մեր հավաքականին անհրաժեշտ չէ: Լեգեոներ չհամարվելու հարցը լուծված է. ԵԱՏՄ-ն այդ կապակցությամբ որոշում է ընդունել: Սակայն դա հավաքական չգալու պատճառ է միայն: Հիշե՛ք բոլորդ, ունեցել ենք փայլուն դարպասապահ Ռոման Բերեզովսկի, ով միշտ եկել է և երբեք էլ չի հարցրել՝ խաղալու՞ է, թե՞ ոչ: Նույնիսկ այն ժամանակ, երբ հանդես էր գալիս առաջին լիգայում, որտեղ լեգեոներների սահմանափակումն ավելի խիստ էր»:

Հնչել է նաև Յուրա Մովսիսյանի՝ հավաքականից հեռացվելու որոշման վերաբերյալ հարց, ով վերջերս ասել էր, թե կարոտում է հավաքականը: Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ ավելի լավ է չխոսել հավաքականը կարոտելու մասին, հավաքական հրավիրված ժամանակ լավ խաղ ցուցադրել, այլ ոչ թե մոտենալ և ասել, թե՝ ոտքս է ցավում, պարապմունքներ բաց թողնել:

Մեր երկրի ակումբային առաջնությունների մակարդակը բարձրացնելու հետ կապված Ռ.Հայրապետյանը համոզմունք հայտնեց, որ բարձրագույն խմբի առաջիկա առաջնությունն ավելի զորեղ է լինելու, նորաստեղծ երկու ակումբներն էլ՝ Վանաձորի «Լոռի»-ն ու Երևանի «Արցախ»-ը գալիք մրցաշրջանում հանդես կգան առաջին խմբում:

‘

Նախորդ հոդվածը‘Լիտվան Ռուսաստանի սահմանին 1,3 մլն եվրո արժողությամբ պատ կկառուցի’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալ»-ը մեծ գումարներ կծախսի նոր տրանսֆերների համար’