‘Ռուբեն Հայրապետյան. Չի բացառվում, որ մենք կունենանք գերմանացի կամ արգենտինացի մարզիչ’

1370

Այսօր՝ ժամը 12:00-ին, ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը: Հայրապետյանի հնչեցրած ամենաուշագրավ մտքերը ներկայացնում ենք ստորև (մեջբերումները football365.am-ի).

— Իհարկե, անցած մրցաշրջանում մենք մեր առաջ խնդիր էինք դրել ԱԱ ուղեգիր ձեռք բերել, բայց մեզ չհաջողվեց: Այդ պատճառով ես փուլը համարում եմ ձախողված:

— Ինչ վերաբերում է մեր մարզչին՝ ափսոսում եմ: Ես շատ կուզեի աշխատել նրա հետ: Ես շատ լավ գիտեմ նրա ունակությունները, հնարավորությունները: Ցավում եմ, որ ինձ չհաջողվեց նրան համոզել՝ մնալ հավաքականում:

— Վարդան Մինասյանի պայմանագրի ժամկետը հենց այսօր է ավարտում: Այս ընթացքում ես երկու անգամ զրուցել եմ նրա հետ, փորձել եմ համոզել: Սակայն, կարծում եմ՝ նրա որոշումը վերջնական է, քանի որ երկու անգամ նա ինձ մերժեց:

— Վարդան Մինասյանն ինձ էլ է խորհուրդ տվել, որ լավ կլինի, եթե հավաքականի նոր մարզիչը լինի իտալացի կամ իսպանացի, քանի որ մեր հավաքականի խաղը նման է այդ երկրների ֆուտբոլային ոճին: Բայց դա ընդամենը խորհուրդ է: Չի բացառվում, որ մենք կունենանք գերմանացի կամ արգենտինացի մարզիչ:

— Ես անձամբ սխալվել եմ մի քանի մարզչի հարցում և չեմ ուզում այս հարցում սխալվել: Պետք է աշխատենք ընտրել այնպիսի մեկին, ով շատ արագ կընտելանա հավաքականին և հակառակը: Մենք ռեֆորմներ անելու ժամանակ չունենք:

— Մենք դեռ բանակցություններ ենք վարում: Ես չեմ կարող հստակ ժամկետներ ասել ձեզ, թե երբ նոր մարզիչ  կունենանք:

— Ես նախ սկսել եմ հայազգի Միշել Տեր-Զաքարյանի հետ բանակցել: Շատ կցանկանայի, որ նա մարզեր մեր հավաքականը: Սակայն նա հրաժարվել է, քանի որ գործող պայմանագիր ունի: Նրա տարբերակն ինձ համար միշտ էլ կմնա: Շատ ցանկալի կլիներ, եթե նա գլխավորեր մեր հավաքականը, քանի որ հայ է, ունի հայկական մտածելակերպ: Այլ հայազգի մարզչի թեկնածություն չեմ տեսնում: Այն մարդը, ով կգլխավորի հավաքականը, պետք է լինի բարձրակարգ:

— Քանի որ մարզիչ չունենք, այս ընթացքում ընկերական խաղերի մասին խոսք լինել չի կարող:

— Ես մի քանի անգամ նշել եմ, որ մեր հավաքականն ունի այնպիսի ներուժ, որ մենք արդեն իրավունք չունենք նրանց առաջ այլ խնդիր դնել, քան մասնակցել Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության եզրափակիչների: Դա նաև իմ գլխավոր նպատակն է:

— Ինչ վերաբերում է Երիտասարդական հավաքականին, եթե ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը անհաջող խաղերից հետո փոխում է հավաքականի մարզչին, ուրեմն կար այդ խնդիրը:

— 19 տարեկանների հավաքականի մարզիչը այժմ մարզում է Երիտասարդական հավաքականը: 17 տարեկանների մարզիչը արել է այն, ինչ կարող էր անել՝ իր ուժերի առավելագույն չափով: Մեր այդ հավաքականը ավելին չէր կարող անել, դա մարզչի խնդիր չէր: Մենք ուղղակի ունենք տարիքային խմբեր, որտեղ պոտենցիալը շատ քիչ է: Ամբողջ Մ-17 հավաքականում ես մեկ-երկու ֆուտբոլիստի տեսա, ովքեր ներուժ ունեն:

— Ես բազմիցս նշել եմ, որ ՀՖՖ-ի ամենօրյա, ամենժամյա սուրբ գործն է՝ փնտրել ու գտնել հայազգի ֆուտբոլիստների աշխարհի տարբեր կողմերում և նրանց հրավիրել հավաքականներ, եթե նրանք համապատասխանում են հավաքականի մակարդակին: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին՝ հիմա կա՞ն ֆուտբոլիստներ, թե՞ ոչ, ասեմ, որ հիմա հավաքականներում մարզիչներ են փոխվում: Հետո նրանք կասեն՝ իրենց տեսադաշտում ունե՞ն թեկնածուներ, թե՞ ոչ:

— Նոր մարզչին ոչ մի կոչ չեմ պատրաստվում անել: Պարզապես նրան ասելու եմ, որ մեր հավաքականը պետք է մասնակցի Եվրոպայի առաջնությանը:

— Բուլղարիայի հետ խաղից սկսած՝ մենք հինգ-վեց կորուստ ունեցանք, որոնք ազդեցին մեր խաղերի վրա: Իմ կարծիքով՝ Դանիայի հետ խաղից հետո վերսկսվեց մեր հաջողությունը, քանի որ կազմում խնդիրներն արդեն քիչ էին:

— Այդ անհաջողություններն ունեին օբյեկտիվ պատճառներ: Մարզիչներին և ֆուտբոլիստներին պետք չէ մեղադրել: Իսկ Մալթայի դեմ խաղում պետք է մեղադրել բոլորին. ֆուտբոլիստներից մինչև ինձ: Չեմ ուզում վիրավորել որևէ մեկին, բայց Մալթային 9 հոգով պետք է հաղթեինք:

— Ինձ համար այս մրցաշրջանում ամենահաջողված խաղը Բուլղարիայի հետ տնային խաղն էր: Դա այն էր, ինչ ես ուզում էի տեսնել:

— Եթե մեր առջև դրված էր խնդիր՝ մասնակցել առաջնության եզրափակչին ու մենք չենք մասնկացել, դա ձախողում էր: Բայց եթե գնահատենք Վարդան Մինասյանի աշխատանքը, ապա ձախողման մասին խոսք չկա: Հիշենք, թե մենք ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում որերորդ տեղում էինք, երբ նա գլխավորեց մեր հավաքականը, և տեսե՛ք, թե հիմա որերորդ տեղում ենք: Դա նրա շնորհիվ է:

— Ես նորմալ չեմ համարում, որ հավաքականի մարզիչը կարող է ապրել այլ երկրում: Մենք նման դառը փորձ էլ ենք ունեցել: Հավաքականի նոր մարզիչը պետք է ապրի Հայաստանում:

— Ինչ վերաբերում է հայկական ակումբներին, Բանանց, Փյունիկ, Գանձասար և Միկա ակումբներից բացի մյուսների ֆինանանսական վիճակը բարդ է:

— Ամենաշատը հենց մեր սպորտի նախարար Յուրիկ Վարդանյանը չէր ցանկանա իր որդու հետ կապված այդ պատմությունը: Բոլորիս հետ էլ կարող էր նման բան պատահել: Ես խորհուրդ կտամ բոլորին՝ չփորձել երեխայի հետ կապված նսեմացնել ծնողին: Նախարարը պատասխանատու չէ: Սա դժբախտ դեպք է:

— Հիմա արդեն աշխարհում մեծ կարծիք կա հայկական ֆուտբոլի մասին: Մեր հավաքականը ուժեղ հավաքական է, և բոլոր մասնագետներն էլ տվել են դրա գնահատականը: Եթե նախկինում դժվար էր ընկերական խաղ անցկացնել, ապա այսօր, օրինակ, Ճապոնիան է մեզ առաջարկում ընկերական խաղալ: Այլևս ոչ մի հավաքական մեզ թերահավատորեն չի մոտենում: Մեր հավաքականի արժեքը միայն մեր երկրում չգիտեն:

— Վոլեյբոլի ֆեդերացիան այդ ինչ է, որ պետք է անարդարություն լինի: Գուցե Արթուր Բաղդասարյանը այն մարդկանցից է, ով կարող է այնպես ղեկավարել այդ ֆեդերացիան, որ մեկ-երկու տարի անց կարող էր բարձրացնել Վոլեյբոլի ֆեդերացիայի հեղինակությունը:

— Կանանց ֆուտբոլում մենք մեծ անելիքներ չունենք, որ ես էլ կարողանամ ներկայացնել: Առաջնություն ունենալու համար ամենաքիչը երեք հազար աղջիկ պետք է ունենանք: Իսկ հայ մարդը իր աղջկան ֆուտբոլի չի տանում: Եթե մի սպորտաձև երկրում հեռանկար չունի, պետք չէ դրա վրա գումարներ ծախսել:

— Մենք, առհասարակ, սովոր ենք հավատալ այն ամենին, ինչ խոսում են օվկիանոսից այն կողմ: Ես Սերխիո Մարգարյանի հետ կապված հարցերի մասին բազմիցս խոսել եմ: Նա գրավոր դիմել է մեզ, որ իր մասին այս թեմայով այլև չխոսենք: Ես մեծ հաճույքով կցանկանայի խոսել այս մասին, բայց քանի որ կա պայմանավորվածություն, ուրեմն չեմ խոսի:

— ՄՄ (Մաքսային միություն)-ն գոնե ֆուտբոլի առումով կարող է դրական անդրադառնալ, քանի որ, ինչպես գիտեք, ՌԴ-ում մեր ֆուտբոլիստները համարվում են լեգեոներ: Եթե Հայաստանը միանար ՄՄ-ին, գոնե մեր սպորտը կօգտվի, քանի որ մեր մարզիկներն այլևս լեգեոներ չեն համարվի:

— Երբ խոսքը վերաբերում է ակումբների բյուջին, 80 միլիոն դրամը մեծ գումար չէ: Ակումբը ստեղծում են, չեն բացում, իսկ դրա համար մեկ միլիոն դոլարը այնքան էլ մեծ գումար չէ:

— Հայ երկրպագուները բուլղարացիներին ընդամենը ադեկվատ պատասխան են տվել: Մերոնք ոչ մի վատ բան չեն արել, պարզապես պատասխանել են այն վերաբերմունքին, որին արժանացել են Սոֆիայում:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. ՄՄ-ին անդամակցելու Թուրքիայի մտադրությունը քաղաքական բլեֆ է’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին’