Ռուբիալեսը հայտարարել է, որ հրաժարական է տալիս

83

Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը հրաժարական կտա ֆեդերացիայի նախագահի և ՈՒԵՖԱ-ի փոխնախագահի պաշտոններից: Պաշտոնյան, որի գործունեությունը դադարեցրել էր ՖԻՖԱ-ն, հայտարարությունն արել է հեղինակավոր լրագրող Պիրս Մորգանի հետ զրույցում՝ բացառիկ հարցազրույցի ժամանակ:

Հիշեցնենք՝ կանանց Իսպանիայի հավաքականը հռչակվել էր աշխարհի չեմպիոն: Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը հաջողությունը տոնելիս համբուրել էր հավաքականի անդամ Ջենիֆեր Էրմոսոյի շուրթերը: Պաշտոնյայի գործողությունները քննարկման առիթ էին դարձել ու սկանդալ հասունացրել: Օրեր առաջ Ջենիֆեր Էրմոսոն բողոք էր ներկայացրել Իսպանիայի դատախազություն՝ Լուիս Ռուբիալեսին մեղադրելով սեռական ոտնձգություն կատարելու համար:

Կանանց Իսպանիայի հավաքականը հայտարարել էր, որ խաղադաշտ դուրս չի գա, քանի դեռ Ռուբիալեսը պաշտոնավարում է: Հրաժարականին նախորդում է Իսպանիայի դատախազության՝ Ռուբիալեսի դեմ դատական հայցը սեռական ոտնձգություն կատարելու ու հարկադրանք կիրառելու վերաբերյալ:

Ավելի վաղ Ռուբիալեսը հայտարարել էր, որ հրաժարական չի տա, քանի որ տեղի ունեցածն «ինքնաբուխ էր, փոխհամաձայնեցված ու էյֆորիկ»: Պաշտոնյայի մայրն իր հերթին փակվել էր Իսպանիայի եկեղեցիներից մեկում ու հացադուլ հայտարարել՝ հանուն որդու պաշտպանության: Ռուբիալեսի մայրն ըմբռնման կոչ էր արել, քանի որ, ըստ նրա, տեղի ունեցածը կարող էր պատահել ցանկացածի հետ: Նա կարծում է, որ «տեղի ունեցածը փոխհամաձայնեցված էր, ինչը վկայում են լուսանկարները»:

Նախորդ հոդվածըՊետրակով. «Բավարարված եմ իմ ֆուտբոլիստների խաղով ու նրանց մոտեցումով»
Հաջորդ հոդվածըԴալիչ. «Հույս ունեմ՝ միասին կնվաճենք Եվրո-2024-ի ուղեգիր»