‘Ռուբիկ Հակոբյան. Խորհրդարանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի’

733

ՀՀ Ազգային ժողովը կարող է և պետք է վերջ դնի Հայաստանում տիրող անպատժելիության մթնոլորտին, ամենաթողությանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները խորհրդարանի արտահերթ նստաշրջանի բացմանը պահանջել են հիմնական օրակարգի քննարկմանն անցնելուց առաջ քննարկել ու գնահատական տալ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հետ կապված միջադեպին: Խորհրդարանական մեծամասնությունն այդ պահանջը մերժել է, միաժամանակ այդ հարցի շուրջ արտահերթ նիստ գումարելու պայմանավորվածություն է ձեռք բերվել ժամը 18:30-ին:

Հակոբյանի խոսքով, չնայած նիստի անցկացմանն իրենք համաձայն են, այնուամենայնիվ, գտնում են, որ այդ հարցը հարկավոր էր քննարկել մինչև հիմնական օրակարգին անցնելը:

«Խորհրդարանն, իհարկե, դատավորի դեր չի ստանձնում, բայց ունենալով ժողովրդի մանդատը` մենք պետք է մեր հստակ դիրքորշումը հայտնենք»,- ասել է Հակոբյանը: Պատասխանելով այն հարցին, թե ում ձեռագիրն է տեսնում ընդդիմադիր պատգամավորի վրա հարձակվելու գործում, Հակոբյանը նշել է, որ անմեղության կանխավարկածի կողմնակից է և այդ առնչությամբ վաղաժամ հայտարարություններ անել չի ցանկանում:

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը հարձակման էր ենթարկվել դեկտեմբերի 11-ի երեկոյան իր տան շքամուտքի մոտ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները դեկտեմբերի 15-ին բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արշակ Սվազյանին, ով ներկայումս արդեն ստորագրությամբ ազատ է արձակվել: iLur.am-ի տեղեկություններով, Սվազյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի նախկին վարորդն է: 

Նախորդ հոդվածը‘Բոյկոտ ԱԺ-ում. Ովքեր էին մնացել ՀՀԿ կողքին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մի քանի ժամվա ընթացքում դրամը արժեզրկվել է 14 կետով. ԿԲ-ն ակնհայտորեն չի վերահսկում իրավիճակը’