‘
«Ոչ թե եկել ենք ձեզ դուխ տալու, այլ՝ ձեզանից դուխ վերցնելու», — այսօր հանրահավաքում իր ելույթի մեկնարկին դիմելով գյումրեցիներին՝ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը:
«Այն էներգետիկան, որ դուք կենտրոնացրել եք այս հրաշալի հրապարակում, վստահ եղեք, որ մեզ պատասխանատվության է կանչում: Մենք իրավունք չունենք այս պահվածքի հետ հաշվի չնստելու», -ասաց նա:
Հակոբյանը ասաց, որ 2013-ին քաղաքական դաշտը միասնական չէր:
«Որեւէ մեկի հասցեին մեղադրանք չկա: Այժմ քաղաքական դաշտն ամբողջացել է, միասնական է եւ ունի մեկ խնդիր. որպեսզի Հայաստանը կարողանանք այնպիսի պետություն դարձնել, որ յուրաքանչյուր անձ, ընտանիք, քաղաքական ուժ կարողանա արտահայտել եւ իրացնել իր գաղափարները: Գաղտնիք չէ, որ տարբեր ուժեր ենք՝ տարբեր ստորագրությամբ, գաղափարախոսությամբ, կենսագրությամբ: Բայց այսօր հավաքվել ենք, որ տեր կանգնենք մեր երկրին: Այս քաղաքական ուժերն առանձին-առանձին շատ են փորձել իշխանություններին բացատրել, որ այսպես ճիշտ չէ աշխատելը: Բայց այսօր, կոնկրետ Շիրակի մարզում կրկնակի պակասել է բնակչությունը: Իսկապես, չեմ ուզում արտաբերել այդ թիվը: Գիտեք, որ ամբողջական գյուղեր մեկնում են ռուսաստաններ, ամերիկաներ: Ի դեպ, պետք չէ նույնիսկ մեղադրել ոչ ՌԴ-ին, ոչ ԱՄՆ-ին, որ պայմաններ են ստեղծում, որ դուք հաստատվեք այդ երկրներում: Միակ մեղավորը այսօրվա իշխանություններն են: Եթե մենք խնդիր ունենք, պետք է պատասխանատվության ենթարկենք այս իշխանություններին: Մենք պետք է հասկանանք. մեր տան ղեկավարությունն է, որ չի կարողանում ապահովել իր ընտանիքի կենսագործունեությունը: Մենք հավաքվել ենք, որ ասենք՝ չունենք նորմալ ղեկավարություն, ոչ թե փնովենք այս կամ այն պետությանը», — ասաց Հակոբյանը:
Նա ասաց, որ երեք քաղաքական ուժերին միավորել է մեկ քաղաքական օրակարգ՝ ամբողջական իշխանափոխություը, եւ դա լինելու է: Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ մեկ անձի փոփոխությամբ հարց չի լուծվելու:
«Երբ մենք ասում ենք իշխանափոխություն, նկատի ունենք ե՛ւ նախագահին, ե՛ւ կառավարությանը, ե՛ւ Ազգային ժողովը: Եվ դրա հետ միասին ամբողջ համակարգի փոփոխություն, որ այսօրվա կաշառակերները, այն չինովնիկը, որն իր բարեկամներին խցկում է կառավարման համակարգ, հակահիգիենիկ է դարձնում բիզնես դաշտը, նրանք պետք է հեռանան: Նրանք պետք է ոչ թե Հայաստանից հեռանան, այլ նրանց պետք է դաստիարակել, հասկացնել , որ այն, ինչ հիմա անում են, նաեւ իրենց երեխաների ապագայի հաշվին են անում», — ասաց Հակոբյանը:
Նա ասաց, որ եթե մարդիկ համաձայն են ամբողջական իշխանափոխության ծրագրին, պետք է հոկտեմբերի 10-ին լինեն Ազատության հրապարակում:
Հրապարակը այս բառերին պատասխանեց «Սերժիկ, հեռացիր» վանկարկումներով:
«Ասում են՝ Սահմանադրություն փոխելով կարող ենք ատկատ հավաքողներին փոխել: Սու՛տ է, դեմագոգիա է: Բազմաթիվ ընտրություններ կեղծած իշխանությունն իրավունք չունի որեւէ փաստաթուղթ դնել շրջանառության մեջ: Մենք թույլ չենք տա, որ նրանք վերարտադրվեն», — ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ իսկապես պատմական պահ է մեր գենոֆոնդը փրկելու համար, պետության արժանապատվությունը փրկելու համար: Նա հիշեցրեց, որ ԵԽԽՎ-ն պատմության ընթացքում առաջին անգամ ԼՂ-ն ներկայացրեց որպես Ադրբեջանի գրավյալ տարածք:
«Այս արժանապատիվ, նորմալ գյումրեցին, քյավառցին, երեւանցին իշխանությունների պատճառով հայհոյանք ստացավ Եվրոպայից: Մենք թույլ չենք տա: Արդեն ժամանակն է եկել նրանց ասելու՝ դուք պետք է հեռանաք: Հանրապետությունն այսօր իր մեծամասնությամբ պատրաստ է դրան: Գյումրին այսօր ասում է՝ ինչպես 2013-ին, այսօր էլ կանգնած է ընդդիմության կողքին եւ պատրաստ է իշխանություն փոխել», — եզրափակեց «Ժառանգության» պատգամավորը:
‘