Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» կառավարման խորհրդի ղեկավարի պաշտոնից հունիսին հեռացած Կառլ-Հայնց Ռումենիգեն բացասական է գնահատում ֆուտբոլում չափազանց բարձր վարձատրությունները եւ ՈւԵՖԱ-ին հորդորել է սահմանել աշխատավարձի «առաստաղ»։
«Ամենամեծ խնդիրն այն է, թե որ ակումբը կարող է իրեն թույլ տալ այդքան բարձր աշխատավարձ։ ՊՍԺ-ն կամ անգլիակա՞ն որեւէ ակումբ։ Ռոնալդուն ստանում է 35 միլիոն եվրո։ Դա զարգացման անառողջ ճանապարհ է։
ՈւԵՖԱ-ն պետք է քայլեր ձեռնարկի, սահմանափակումներ մտցնի։ Ակումբներին անհրաժեշտ է հստակ կարգավորումներ, քանի որ ծախսերը դարձյալ աճում են։ Պետք է միջամտություն, այլապես ֆուտբոլը կբախվի շատ ծանր ժամանակների»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է AS-ը։
Ռոնալդուն 2018 թվականին «Ռեալից» է տեղափոխվել «Յուվենտուս»։ 36-ամյա ֆուտբոլիստն Իտալիայի անցած առաջնությունում 29 գոլով դարձավ լավագույն ռմբարկու։ Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը։
