‘
Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաումը խոստացել է, որ վերջ կդնի Ռումինիայի՝ Աշխարհի առաջնություններում 20-ամյա «գերությանը» եւ կուղեկցի նրան Ռուսաստան 2018-ին:
Գերմանացի մարզիչը, ով փոխարինել է Անխել Յորդանեսկուին այն բանից հետո, երբ վերջինս ձախողեց Եվրո-2016-ը, իր առաջին հանդիպումը Ռումինիայի ղեկին կանցկացնի այսօր Մոնտենեգրոյի ընտրանու հետ:
Ռումինիան, ով բացի Մոնտենեգրոյից հայտնվել է Հայաստանի, Դանիայի, Ղազախստանի եւ Լեհաստանի հետ նույն խմբում, վստահորեն առաջ է նետվելու, եւ հավաքականի գլխավոր մարզիչը ներկայացրել է հաղթելու բանաձեւը:
«Ֆուտբոլում միշտ էլ նպատակները նույնն են. բացահայտել անհատական խաղացողներին եւ դրանով հանդերձ ամբողջ թիմը էլ ավելի լավը դարձնել,- «Ֆեներբախչեի» նախկին գլխավոր մարզիչն ասել է FIFA.com–ի հետ հարցազրույցում:- Մենք բոլորս մեկ նպատակ ունենք մեր սրտերում ու մտքում. Աշխարհի առաջնության մասնակցելու ուղեգիր ձեռք բերել: Համոզված եմ, որ Ռումինիան 20 տարի անց կկարողանա կրկին մասնակցել Մունդիալին»:
Ռումինիան վերջին անգամ մասնակցել է Աշխարհի առաջնությանը 1998-ին Ֆրանսիայում, եւ Դաումը պնդում է, որ քարը քարին չի թողնի, որպեսզի իր այս նպատակը կյանքի կոչի:
«Ես անհրաժեշտ ամեն ինչ գիտեմ մեր խմբի մրցակիցների մասին: Յուրաքանչյուր թիմ, որ խաղում է մեզ հետ, մոտիվացված է: Մենք առջեւում 10 դժվարին խաղեր ունենք, իսկ հաջողության հասնելու համար մենք պետք է մեր ուժերի առավելագույն չափով հանդես գանք: Համոզված եմ` յուրաքանչյուր ռումինացի խաղացող ամեն ինչ կանի այս դժվարին խմբից դուրս գալու համար»:
‘