‘Ռումինիայի խորհրդարանը նախագահին առաջարկել է հրաժարական տալ’

578

Ռումինիայի խորհրդարանն այսօր հռչակագիր է ընդունել երկրի նախագահ Տրայան Բեսեսկուի հրաժարականի վերաբերյալ, հաղորդում է ռումինական Adevarul.ro պարբերականի կայքը:

Բեսեսկուի հրաժարականը պահանջել են սենատի նախագահ Քելին Պոպեսկու-Տերիչանուն և վարչապետ Վիկտոր Պոնտան: Հռչակագիրն ընդունելու օգտին քվեարկել է 334 պատգամավոր, 17-ը ձեռնպահ են մնացել:

Բեսեսկուն ներքաշվել է մի կոռուպցիոն սկանդալի մեջ, որը կապված է նրա եղբոր՝ Միրչայի հետ: Ինչպես հաղորդում է պարբերականը, Ռումինիայի նախագահի եղբայրը սպանության համար դատապարտվածի հարազատներին խոստացել է Բեսեսկուի միջոցով ազդեցություն գործել Ռումինիայի դատական բարձրագույն վերաքննիչ պալատի նախագահի վրա և դրա համար պահանջել է խոշոր գումար:

Պոնտան չորեքշաբթի հայտարարել է, որ եթե Բեսեսկուն հրաժարական չտա, ապա իշխող կոալիցիայի պատգամավորները խորհրդարանում կնախաձեռնեն նրա իմպիչմենտի գործընթացը:

Ռումինիայի խորհրդարանն արդեն երկու անգամ փորձել է Բեսեսկուին պաշտոնանկ անել: Այդ հարցը հանրաքվեի է դրվել: 2007 թ. քվեարկածների 75 %-ը պաշտպանեց Բեսեսկուին, իսկ 2012-ին ճիշտ հակառակ արդյունքն ստացվեց՝ Ռումինիայի քաղաքացիների 87,5 %-ը կողմ քվեարկեց նախագահի հրաժարականին, սակայն հանրաքվեն անվավեր ճանաչվեց՝ ցածր մասնակցության պատճառով: Փոխանցում է ria.ru-ն:  

Նախորդ հոդվածը‘Վերահսկիչ պալատի բացահայտումների հիման վրա հարուցվել է քրեական գործ’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն հետաձգեց Վրաստանի անդամակցությունն այդ կառույցին’