‘«Ռուսական երկաթուղիների» տնօրեն. Աբխազական երկաթուղին կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի համար’

1182

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ քննարկում է Աբխազիայով և Վրաստանով դեպի Հայաստան երթևեկություն սկսելու հարցը: Այդ մասին հաղորդում է Արմինֆոն` վկայակոչելով «ՌԵՈՒ» ԲԲԸ ղեկավար Վլադիմիր Յակունինին:

Նրա խոսքով,  Ռուսաստանը միշտ հանդես է եկել  Վրաստան-Աբխազիա երկաթուղային հաղորդակցության վերսկսման օգտին: Սակայն այդ խնդիրը բացառապես քաղաքական բնույթի է: «Վրաստանի և Աբխազիայի միջև կուտակված հակասությունները պետք է կարգավորվեն քաղաքական մակարդակով: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա երկու ձեռքով կողմ է այդ ճանապարհի վերաբացմանը», — ասել է նա: Յակունինը նաև նշել է, որ ապագայում այդ ճանապարհին կարող է միանալ նաև Հայաստանը: «ՌԵՈՒ իր կողմից ուսումնասիրում է Աբխազիայով և Վրաստանով դեպի Հայաստան երթևեկության վերսկսման հարցը: Աբխազիայով երկաթուղային հաղորդակցությունը, որն ընդհատվել է ավելի քան 20 տարի առաջ, կարևորագույն նշանակություն ունի Վրաստանի հարևան Հայաստանի համար: Բայց, կրկնեմ, այդ հարցը քաղաքական է, ուստի այստեղ հարկավոր է բոլոր կողմերի քաղաքական կամքը», — ասել է նա:

Ավելի վաղ պատասխանելով ԱրմԻնֆո-ի  հարցին` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան նշել է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումից հետո պետք է առաջխաղացում սպասել երկաթուղու աբխազական հատվածի գործարկման հարցում: Ըստ նրա՝ այժմ այդ նախագիծը գործուն մշակման փուլում է, ինչը պետք է հետաքրքրի ինչպես Հայաստանին, այնպես էլ Ռուսաստանին, Աբխազիային և Վրաստանին: ԵՏՀ կոլեգիայի անդամն ընդգծել է, որ այդ հարցը լուծելիս որոշիչ գործոն  պետք է լինի տնտեսական նպատակահարմարությունը: ՄՄ-ին Հայաստանի անդամակցումից հետո այդ նախագիծն ունի արդիականացման բոլոր շանսերը:

Նախորդ հոդվածը‘Լյուդմիլա Սարգսյանը Աժ-ում բարձրացրեց ոստիկանության կարի արտադրամասի աշխատողների խնդիրը ‘
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլ»- «Ռեալ».խաղից առաջ’