‘Ռուսական կողմը ուզում է բարձրացնել Հայաստանին վաճառվող գազի գինը’

1016

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսիյանի փոխանցմամբ, այսօր Ռուսաստանը փորձում է բարձրացնել Հայաստանին վաճառվող գազի գինը, մինչդեռ հայկական կողմը ձգտում է դա թույլ չտալ:

Նման հայտարարություն Մովսիսյանն արել է այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

«Մինչև տարվա վերջ հույս ունենք, որ կունենանք նորություններ գազի գնի հետ կապված», — մասնավորապես ասաց Մովսիսյանը՝ հավելելով, թե առայժմ չի կարող ասել՝ բարձրացում կլինի, թե ոչ։ — «Բնականաբար բանակցությունը գնում է նրա համար, որ չբարձրացնեն։ Այսինքն՝ ուզում են բարձրացնել, մենք էլ չենք ուզում»։

Ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ Հայաստան ներմուծվող բնական գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են արդեն մի քանի ամիս։

Հայաստանի կառավարությունը պնդում է, որ ռուսական բնական գազի գինը մեր երկրի համար չի բարձրացել և հազար խորանարդ մետր գազի դիմաց շարունակում ենք սահմանին վճարել 180 ԱՄՆ դոլար: Մինչդեռ, Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա երրորդ եռամսյակում` հուլիս-սեպտեմբեր ամիսներին, մեր երկիրը Ռուսաստանից բնական գազը գնել է հազար խորանարդ մետրի դիմաց վճարելով ավելի քան 244 ԱՄՆ դոլար:

Թե´ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը, թե´ կառավարության այլ ներկայացուցիչներ մինչ օրս չեն մեկնաբանել Պետեկամուտների կոմիտեի հրապարակած այս տվյալները:

Եթե հիմք ընդունենք նշված տվյալները, ապա ստացվում է, որ վերջին 7 տարիներին Ռուսաստանը ավելի քան 4 անգամ թանկացրել է Հայաստանին վաճառվող բնական գազը: 2005թ.-ին Հայաստանը Ռուսաստանից ներմուծվող հազար խորանարդ մետր գազի դիմաց վճարում էր ընդամենը 56 ԱՄՆ դոլար:

Նախորդ հոդվածը‘Սերոբ Բոզոյանի ինքնազգացողությունը վատացել է’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» դուրս եկավ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ’