‘ «Ռուսական հետք»՝ թուրքական պայթյուններում’

1540

 

Ինչպես հաղորդել է Dogan անկախ լրատվական գործակալությունը, երեքշաբթի Թուրքիայի իշխանությունները կալանքի են ենթարկել 11 ռուսաստանցու, որոնք ձերբակալվել էին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի պայթյուններին մեղսակցության կասկածանքով: Հիշեցնենք, որ պայթյունների զոհ էր դարձել 45 մարդ:

BBC-ի աղբյուրները Ստամբուլի ռուսական համայնքում չեն կարողացել հաստատել կալանվածների թիվը: Առայժմ քիչ թե շատ հավաստի  է կալանավորված երեք ռուսաստանցիների  մասին լուրը:

Ընդհանուր առմամբ՝ երեքշաբթի կալանավորվել է 17 մարդ, բոլորին մեղադրանք է ներկայացվել «զինված ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու» հոդվածով: Այդպիսով, օդանավակայանի պայթյունների առնչությամբ ընդհանուր առմամբ կալանավորվել է 30 մարդ: Եվս մի քանի ռուսաստանցիներ ձերբակալվել են Ստամբուլում, Անթալիայում, Իզմիրում և այլ քաղաքներում անցկացված լայնածավալ ռեյդերի ընթացքում:

Մինչդեռ մուսուլման ակտիվիստները համոզված են, որ նրանցից շատերը կապ չունեն պայթյունների հետ: «Թուրքիային հարկավոր է որևէ կերպ քողարկել թուրքական հատուկ ծառայությունների վրիպումը, որոնք թույլ են տվել, որ երկրի գլխավոր օդային դարպասներում նման հրեշավոր ահաբեկչություն տեղի ունենա: Թուրքական հատուկ ծառայությունները հայտնի են նրանով, որ բավական վատ են աշխատում սպառնալիքները կանխարգելելիս, բայց, դրա փոխարեն, երբ ողբերգությունը կատարվում է, աջուձախ բռնում են մարդկանց՝ առանց տարբերություն դնելու»,- BBC-ին ասել է իրավապաշտպան Սալման Սևերը:

Նախորդ հոդվածը‘Բաղդադում կիրակի օրը տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 250-ի’
Հաջորդ հոդվածը‘Աբխազիայում ցուցարարները փորձել են գրոհով վերցնել ՆԳՆ շենքը’