‘
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ-ի կողմից ներկայացված բանաձեւի նախագիծը, որով առաջարկվում է երկարաձգել ՄԱԿ-ի եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ առաքելության մանդատը, որը պետք է հետաքննի Սիրայում քիմիական հարձակումները: Սա ռուսական կողմի թվով արդեն տասներորդ վետոն է 2011 թվականին Սիրիայում սկսված պատերազմից ի վեր:
Քվեարկության ընթացքում ամերիկյան բանաձեւը ստացել է անհրաժեշտ 10-ի փոխարեն 11 քվե, սակայն Ռուսաստանը, հանդես գալով դեմ՝ օգտվել է վետոյի իր իրավունքից: ԱՄՆ-ի նախաձեռնությանը հրաժարվել է աջակցել նաեւ Բոլիվիան, իսկ Չինաստանն ու Եգիպտոսը ձեռնպահ են մնացել:
Իր հերթին, Ռուսաստանը ԱԽ նիստին է ներկայացրել ՔԶԱԿ-ի եւ ՄԱԿ-ի համատեղ մանդատի երկարաձգման մասին բանաձեւի իր տարբերակը, սակայն, քվեարկությունից առաջ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հետ է կանչել այն: Նման որոշման պատճառ է դարձել այն, որ ԱԽ-ն հրաժարվել է բավարարել բանաձեւերի քննարկման հերթականության մասին Մոսկվայի առաջարկությունը: Ռուսաստանը ցանկացել է, որ սկզբում քննարկման դրվի ամերիկյան տարբերակը: Ռուսական տարբերակն, այդուհանդերձ, քննարկվել է Բոլիվիայի խնդրանքով, սակայն բավարար թվով քվեներ չի ստացել: Բացի ռուսական կողմից այդ տարբերակին կողմ են քվեարկել Չինաստանը, Բոլիվիան եւ Ղազախստանը: Դեմ են հանդես եկել ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Ուկրաինան, Իտալիան եւ Ուրուգվայը: Ձեռնպահ են մնացել Եթովպիան, Ճապոնիան, Եգիպտոսը եւ Սենեգալը:
Այսպիսով, ՄԱԿ-ի ԱԽ-ն չկարողացավ երկարաձգել Սիրիայում քիմիական հարձակումները հետաքննող առաքելության մանդատը:
Նիստից հետո ռուսական եւ ամերիկյան կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին Թվիթերում գրել է, որ Ռուսաստանը «սպանել է Սիրիայում քիմիական հարձակումների հետաքննության համատեղ մեխանիզմը» եւ ապացուցել, որ այդ երկրին պետք չէ վստահել:
Իր հերթին՝ Նեբենզյան հայտարարել է, թե ԱՄՆ-ն ու մյուս երկրները, որոնք դեմ են հանդես եկել ռուսական նախաձեռնությանը, ամբողջական պատասխանատվություն են կրելու հետաքննական հանձնաժողովի աշխատանքների դադարեցման համար:
ՄԹ ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնն էլ հանձնաժողովի աշխատանքների դադարեցման փաստը սարսափելի է անվանել: Նա նշել է, որ Բրիտանիան թույլ չի տա, որ առաքելության դադարեցումը վերջ տա քիմիական զենք կիրառողներին բացահայտելու եւ պատասխանատվության կանչելու հարցում դաշնակիցների աշխատանքներին:
‘