‘Ռուսաստանը դիտորդական թռիչքներ է իրականացնում Թուրքիայի տարածքի վրա’

948

Բաց երկնքի վերաբերյալ միջազգային Պայմանագրի համաձայն՝ ռուսաստանյան տեսուչները դիտորդական թռիչքներ են իրականացնում Թուրքիայի տարածքի վրա: Թռիչքների նպատակը Պայմանագրի անդամ-երկրների ռազմական գործունեության թափանցիկության ապահովումն է, այսօր ТАСС-ին տեղեկացրել է Միջուկային սպառնալիքի կրճատման ազգային կենտրոնի պետի պաշտոնակատար Սերգեյ Զաբելլոն: Նա նաև տեղեկացրել է, որ դիտորդական թռիչքները կիրականացվեն հոկտեմբերի 27-ից մինչև 31-ը:

Նույն ժամանակահատվածում Գերմանիայի և Ֆրանսիայի տեսուչները դիտորդական թռիչքներ կիրականացնեն Ռուսաստանի տարածքի վրա:

Ներկա պահին Սիրիայում և Իրաքում, որոնց սահմանակից է Թուրքիան, լարված ռազմական դրություն է՝ կապված «Իսլամական պետություն» խմբավորման դեմ մղվող պայքարի հետ:

Բաց երկնքի վերաբերյալ Պայմանագիրը ստորագրվել է 1992 թ.: Դրան մասնակցում է 34 պետություն: Դիտորդական թռիչքներ են իրականացվում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Կանադայի, Եվրոպայի երկրների երկնքում: «Բաց երկնքի» հիմնական խնդիրներն են՝  թափանցիկության ապահովումը, սպառազինության նկատմամբ վերահսկողությունը, ճգնաժամերի կանխման հնարավորությունների ընդլայնումը և ճգնաժամային իրավիճակների կարգավորումը ԵԱՀԿ և այլ միջազգային կառույցների շրջանակներում:

Նախորդ հոդվածը‘ Քրիստիանո Ռոնալդուն «Ոսկե խաղակոշիկը» կստանա նոյեմբերի 6-ին’
Հաջորդ հոդվածը‘Մարկո Ռոյս. «մենք աշխատում ենք, սակայն մենք բավարար չափով չենք հավատում ինքներս մեզ և դրանում է մեր խնդիրը» ‘