‘
ՌԴ արտաքին գործոց նախարարությունը վերջնագիր է ներկայացրել Ղազախստանին՝ ի պատասխան Բայկոնուրից հրթիռների արձակման սահմանափակման, այսօր հաղորդել է Известия թերթը: Եթե Ղազախստանի իշխանությունները չվերանայեն իրենց որոշումը, Ռուսաստանը սպառնում է դադարեցնել համագործակցությունը տիեզերական սարքերի արձակման բոլոր համատեղ նախագծերով: ՌԴ ԱԳՆ պատասխան քայլերի ցանկը ներկայացված է Ղազախստանի արտգործնախարարությանն ուղղված պաշտոնական նամակում, փոխանցում է lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2012 թ. դեկտեմբերի 28-ին, Ղազախստանի իշխանությունները հաստատել էին «Բայկոնուր» տիեզերակայանի հետ ռուսաստանյան կողմի համագործակցության նախագիծը 2013 թվականի համար: Ըստ այդ փաստաթղթի՝ «Պրոտոն-M» կրող հրթիռի մեկնարկների քանակը կրճատվել է մինչև 12-ը՝ նախատեսված 14-ի փոխարեն:
«Ռոսկոսմոսի» հաղորդման համաձայն՝ Բայկոնուրում համատեղ նախագծերի վերաբերյալ պայմանավորվածությունները խզելու դեպքում Ղազախստանը ստիպված կլինի Ռուսաստանին վերադարձնել 500 միլիոն դոլար:
«Բայկոնուր» համալիրը, որի մեջ մտնում են տիեզերակայանը և համանուն քաղաքը, Ռուսաստանը Ղազախստանից վարձակալել է 1994 թվականից մինչև 2050 թվականը և տիեզերակայանի շահագործման վրա տարեկան ծախսում է մոտավորապես 5 միլիարդ ռուբլի: Վարձակալության շրջանում Բայկոնուր քաղաքը գտնվում է Ռուսաստանի տնօրինության տակ և դաշնային քաղաքի կարգավիճակ ունի:
‘