‘Ռուսաստանը ռազմական տեխնիկայի խոշոր խմբաքանակ է մատակարարում Ադրբեջանին’

868

Ռուսաստանն սկսել է ռազմական տեխնիկայի՝ տանկերի, հետևակի մարտական մեքենաների և հրետանու նոր խմբաքանակի մատակարարումն Ադրբեջանին: Այդ մասին հունիսի 18-ին հաղորդել է «Ведомости» թերթը՝ հղում անելով ռուսաստանյան պաշտպանական արդյունաբերության աղբյուրներին: Պարբերականի զրուցակցի խոսքերով՝ ռազմական տեխնիկայի մատակարարումն սկսվել է այս տարվա գարնանից: Ռուսաստանի պաշտպանության նախարարության աշխատակիցը երկու երկրների միջև կնքված պայմանագրերը գնահատել է 700 միլիոնից մինչև մեկ միլիարդ դոլարի: Պաշտոնապես ո՛չ «Ռոսօբորոնէքսպորտը», ո՛չ էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, չեն մեկնաբանում այս լուրը: Ի դեպ, 2012 թ. ռուսաստանյան տանկերի մեծ խմբաքանակ ձեռք բերելու՝ Երևանի մտադրության մասին էր հաղորդել ադրբեջանական АПА լրատվական գործակալությունը, սակայն պայմանագրի մանրամասները չէին նշվել:

Նախկինում ևս Ռուսաստանն ու Ադրբեջանը զենքի մատակարարման խոշոր պայմանագրեր են կնքել: Մասնավորապես՝ 2010 և 2011 թթ. պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ադրբեջանին մատակարարել C-300ПМУ-2 զենիթահրթիռային համակարգերի երկու դիվիզիոն և «Тор-2МЭ» զենիթահրթիռային համալիրների մի քանի մարտկոցներ: Բացի այդ՝ Ադրբեջանը գնել էր  60 տրանսպորտային Ми-17 ուղղաթիռներ և Ми-35M հարվածային 24 ուղղաթիռներ: Այս պայմանագրերի ընդհանուր գումարը գնահատվել էր առնվազն 3 միլիարդ դոլար, հաղորդում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Նար-Դոսի և Չարենցի փողոցների ասֆալտապատումը կավարտվի մեկ շաբաթից’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» հանուն Մատայի պատրաստ է վաճառել Ալկանտարային կամ Տելյոյին’