‘Ռուսաստանը վարկ կտրամադրի ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարացման ծրագրի համար’

582

Ռուսաստանի Դաշնությունը վարկ կտրամադրի Հայաստանին՝ ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարացման ծրագրի համար: Այդ մասին նոյեմբերի 6-ին Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հերթական նիստի շրջանակներում ԱրմԻնֆո-ի թղթակցին ասել է Խորհրդի քարտուղար Վահրամ Պետրոսյանը:

Նրա խոսքով, մոտավորապես 150-160 մլն դոլար արժողությամբ վարկը բավականին «մեղմ» կլինի: Ռուսաստանում արդեն երկարացվել են երկու նման էլեկտրակայանների շահագործման ժամկետները: Նման փորձ կա ինչպես Ֆինլանդիայում, այնպես էլ ուկրաինական Ռովնո քաղաքում: Հայկական ԱԷԿ շահագործման ժամկետների երկարացման ծրագրերն արդեն պատրաստ են: Կառավարությունը նույնպես այդ նախագծի վերաբերյալ որոշում է կայացրել: Նախագծային աշխատանքների նախապատրաստման ժամկետը սահմանված է մինչև 2016 թ.սեպտեմբերը, երբ կսպառվի ԱԷԿ երկրորդ բլոկի ռեսուրսը: Նախագիծը հիմնականում կիրականացվի ռուսական ընկերության կողմից: «Հաշվի առնելով, որ մինչև 2016 թ.սեպտեմբերը ժամկետները սեղմում եմ` հարկավոր է ակտիվացնել աշխատանքը, քանի որ շահագործման ժամկետների երկարացման նախագիծն ավելի տևական ժամանակ է պահանջում»,- նշել է Պետրոսյանը` ավելացնելով, որ ռուսական վարկի վերջնական չափը կհաստատվի մինչև 2013 թ. վերջը: Նա նշել է նախագծի հաստատման կարևորությունը, ինչից հետո պարզ կդառնա ծրագրի ընդհանուր արժեքը:

Ի դեպ, 2014 թ. պետբյուջեի նախագծի համաձայն, «Ռոսատոմսերվիս»-ը և «Հայկական ԱԷԿ»-ը ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարացման վերաբերյալ պայմանագիր կստորագրեն:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 406.88 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Դեպի Մաքսային միություն. կառավարությունը մշակել է անդամագրվելու միջոցառումների պլանը’