‘Ռուսաստանը և Ուկրաինան դարձյալ համաձայնության չեն եկել գազի գնի հարցում’

610

Ռուսաստանը, Ուկրաինան և ԵՄ-ն Բրյուսելում անցկացվող գազային բանակցություններում համաձայնություն ձեռք չեն բերել, հաղորդել է էներգետիկայի գծով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը: Բանակցությունների վեցերորդ ռաունդը, ըստ նրա, կարող է տեղի ունենալ երեքշաբթի կամ չորեքշաբթի:

«Մեր ուկրաիանցի և ռուսաստանցի գործընկերները պետք է խոսեն իրենց կառավարությունների հետ և հայտնեն բանակցությունները շարունակելու իրենց ցանկությունը, հնարավոր է՝ երեքշաբթի երեկոյան կամ չորեքշաբթի առավոտյան»,- ասել է Էթինգերը:

Բանակցությունները Բրյուսելում տևել են յոթ ժամից ավելի և ավարտվել են գիշերը: Խոսքը վերաբերել է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար Կիևի կուտակված 1,45 մլրդ դոլար պարտքին և ապրիլ-մայիսին մատակարարված գազի վճարումների ժամանակացույցի համաձայնեցմանը՝ 3 մլրդ դոլար ընդհանուր գումարով: Հունիսի 2-ին Կիևը «Գազպրոմին» է փոխանցել 786 մլն դոլար՝ փակելով 2014 թ. առաջին եռամսյակի պարտքը: Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանն ավելի վաղ հայտարարել է, որ Կիևը գազի համար արդարացի գին է համարում հազար խորանարդ մետրը՝ 268,5 դոլար գինը և պատրաստ է օպերատիվ կերպով փակել այդ գնով հաշվարկված պարտքը: Ըստ ուկրաինացի նախարարի՝ Կիևը համաձայն չէ ոչ միայն առաջարկվող 485,5 դոլար գնին՝ հազար խմ գազի դիմաց, այլև 380 դոլարին, որով Ուկրաինան գազ էր ստանում մինչև 2014 թվականը: Կիևի գլխավոր պահանջն է՝ վերադառնալ այն գնին, որը Ռուսաստանը, որպես քաղաքական աջակցություն Վիկտոր Յանուկովիչին, առաջարկել էր 2013 թ. վերջին՝ Մայդանին դիմակայելու ընթացքում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն ժամանակ հայտարարել էր, որ դա ամենևին էլ աջակցություն չէ Յանուկովիչին, այլ օգնություն է եղբայրական ուկրաինացի ժողովրդին՝ նրա համար այդ ծանր ժամանակաշրջանում: Սակայն Յանուկովիչի փախուստից հետո Ռուսաստանը գները կտրուկ բարձրացրեց: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. «Ճոխ զավտրիկն» ու «պլոտնի ուտելը»՝ Հ. Աբրահամյանի քաղաքական տեսլականներ’
Հաջորդ հոդվածը‘Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է’