‘Ռուսաստանի «Առաջին ալիքը» «խուզել» է «Օսկարի» դափնեկրի խոսքն Ուկրաինայի մասին’

850

Ռուսաստանի պետական «Առաջին ալիք» հեռուստատեսության եթերում «Օսկարի» մրցանակների հանձնման արարողությունից «խուզվել» են դերասան Ջարեդ Լեթոյի խոսքերը Ուկրաինայի և Վենեսուելայի իրադարձությունների վերաբերյալ, հաղորդել է «Дождь» հեռուստատեսությունը:

Իր շնորհակալական ելույթում դերասանը դիմել է Ուկրաինայի և Վենեսուելայի ժողովուրդներին. «Առայժմ դուք պայքարում եք, որպեսզի իրականանան ձեր երազանքները…,- հայտարարել է Լեթոն:- Մենք մտածում ենք ձեր մասին այսօր երեկոյան»:

Ջարեդ Լեթոն ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի է արժանացել «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում՝ «Գնորդների դալլասյան ակումբ» ֆիլմում դերակատարման համար:

«Օսկարի» հանձնման արարողությունը կայացել է մարտի 2-ին Լոս-Անջելեսում:

Ավելի վաղ «Առաջին ալիքը» չեղյալ էր հայտարարել արարողության ուղիղ հեռարձակումը: «Ղրիմի ինքնավար հանրապետության  և Ուկրաինայի իրադրության վերաբերյալ մեծ թվով լուրերի և դրանց նկատմամբ լսարանի մեծ հետաքրքրության կապակցությամբ Առաջին ալիքն անհնար է համարում հինգ ժամ շարունակ հեռարձակել «Օսկարի» մրցանակաբաշխության արարողությունը, մանավանդ՝ առավոտյան ժամերին, երբ եթեր են դուրս գալիս առավելագույն թվով լուրերի թողարկումներ»,- ասված է հեռուստատեսության հաղորդագրության մեջ: Փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի պարալիմպիկ պատվիրակությունը մեկնել է Սոչի’
Հաջորդ հոդվածը‘Վ. Կարապետյան. Միացե՛ք, միասին հրաժեշտ տանք այս իշխանությանը’