‘
Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հուլիսին կապի փակ ալիքով ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդին նամակ է ուղարկել՝ Սիրիայի վերականգնման վերաբերյալ առաջարկներով:
Հելսինկիի գագաթնաժողովում ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հանդիպումից քիչ անց Վալերի Գերասիմովը գաղտնի կապվել է ամերիկյան ռազմական գերատեսչության իր պաշտոնակցի հետ: Այդ մասին շաբաթ գիշերը հաղորդել է Reuters գործակալությունը, իսկ հաջորդ օրը այդ լուրը հաստատել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ըստ Reuters-ի՝ Գերասիմովը Վաշինգտոնին առաջարկել է համագործակցել Սիրիայի ավերված ենթակառույցների վերկանգնման և փախստականներին Սիրիա վերադարձնելու հարցում:
Լրատվական գործակալության տվյալներով՝ Վաշինգտոնում «շատ սառն» են ընդունել Մոսկվայի առաջարկը: Reuters-ի ձեռք բերած փաստաթղթում ասվում է, որ այդ առաջարկն ընդունելի կլինի միայն այն դեպքում, եթե Սիրիայում անցկացվեն ազատ ընտրություններ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո:
Փոխանցում է BBC-ն:
‘