Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են խստացվել

117

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ռուսաստանի սուվերեն պարտքի դեմ պատժամիջոցները խստացնելու օրինագծի լրացումները։

Օրինագծի համաձայն, որն առաջարկել է կոնգրեսական Բեն Շերմանը, ամերիկյան ընկերություններին և ֆիզիկական անձանց կարգելվի երկրորդական շուկայում գնել նոր թողարկված ռուսաստանյան բաժնետոմսեր։ Շերմանը կարծում է, որ նոր արգելքը «նշանակալի ֆինանսական ծանրաբեռնվածություն կստեղծի Ռուսաստանի կառավարության համար»։

Շերմանի լրացումը միակ սանկցիոն միջոցառումը չէ Ռուսաստանի նկատմամբ, որը պետք է քննարկի ամերիկյան Կոնգրեսը։ Չորեքշաբթի հայտնի է դարձել, որ Ներկայացուցիչների պալատի ռեգլամենտի հանձնաժողովը հավանություն է տվել նաև ռուսաստանցի 35 գործարարների և քաղաքական գործիչների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագծին, որոնց ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին մեղադրել է մարդու իրավունքների խախտումներում։

Կոնգրեսի աշխատակիցներից մեկը՝ Փոլ Մասսարոն, հրապարակել է այդ պատժացուցակը, որում, մասնավորապես, ընդգրկված են գործարարներ Ռոման Աբրամովիչը, Ալիշեր Ուսմանովը, Օլեգ Դերիպասկան, Գենադի Տիմչենկոն, Իգոր Սեչինը, ինչպես նաև «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը։ Բացի այդ, ցուցակում են նաև Ռուսաստանի ուժային կառույցների ղեկավարները և պետական ԶԼՄ-ների աշխատակիցներ, մասնավորապես՝ Վլադիմիր Սոլովյովը և Մարգարիտա Սիմոնյանը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՍիրիան Թուրքիայից պահանջել է անհապաղ դուրս բերել զորքերը
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ը ևս 500 մլն դոզա պատվաստանյութ է նվիրաբերում զարգացող երկրներին