‘Ռուսաստանի դեսպանը վստահ է, որ Գյումրիի ողբերգության համար մեղավորը կպատժվի օրենքի ողջ խստությամբ’

710

Գյումրիում կատարվածը դարձել է ընդհանուր ողբերգություն, ընդհանուր վիշտ` ինչպես հայ, այնպես էլ ռուս ժողովրդի համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը «Ռոսիա-24» հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում:

«Այդ հանցագործությունը չի տեղավորվում որևէ նորմալ մարդու գիտակցությունում, նման վայրագություններն արդարացում չունեն, դրանք չունեն ոչ ազգություն, ոչ պետական պատկանելություն: Դա հրեշավոր ողբերգություն է, այստեղ դժվար է որևէ բառ ընտրել, կատարվածը, պարզապես, սարսափելի է», — նշել է Վոլինկինը:

Այդ համատեքստում նա հավելել է, որ դեսպանության բոլոր աշխատակիցները ցնցված էին, երբ իմացան կատարվածի մասին:

«Ես հասկանում և ընդունում եմ հասարակության հուզական արձագանքը կատարվածին: Կցանկանայի կրկին ցավակցության խոսքեր հղել այդ ոճրագործության անմեղ զոհերի հարազատներին ու մերձավորներին, բոլոր գյումրեցիներին, ողջ հայ ժողովրդին: Մենք` Ռուսաստանի քաղաքացիներս, կիսում ենք այդ կորստի ցավը Գյումրիի բնակիչների հետ, Հայաստանի եղբայրական ժողովրդի հետ և սգում ենք նրանց հետ միասին», — նշել է դիվանագետը:

Վոլինկինն ընդսմին ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի իրավասու մարմինները համատեղ են վարում նախաքննությունը, որը, անշուշտ, պետք է լինի անաչառ և համապարփակ:

«Ես վստահ եմ, որ հանցագործը կպատժվի օրենքի ողջ խստությամբ: Ռուս-հայկական բարեկամության բազմադարյա պատմության մեջ եղել են բարդ էջեր, սակայն մենք համատեղ ջանքերով միշտ հաղթահարել ենք ծագող դժվարությունները` սատարելով մեկս մյուսին: Հավատում եմ, որ այժմ էլ այդպես կլինի», — ամփոփել է դեսպանը:

Նախորդ հոդվածը‘Երևանում կտեղադրվի Սամվել Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ’
Հաջորդ հոդվածը‘Կոստանյանի տեղ չհասնող նամակը. Որտե՞ղ է կորել Պերմյակովի հարցով նամակը’