‘
Գյումրիի 8-րդ ռուսական զինվորական ավանում ապրող մի քանի տասնյակ հայ ընտանիքներ, որոնց անդամները նույնպես ՌԴ քաղաքացիներ են, ծանուցումներ ե ստացել 10-օրյա ժամկետում զբաղեցրած բնակարաններն ազատելու մասին:
Բնակիչներն «Ազատություն» ռադիոկայանին հայտարարել են, որ ավելի վաղ էլ նման ծանուցումներ են ստացել, սակայն այս անգամ հարցն «ավելի սուր» է դրված: Այդ ավանում ապրում են, հիմնականում, 102-րդ ռուսական ռազմակայանում ծառայած զինվորականների ընտանիքներ, իսկ բնակարանները տնօրինում է ռազմակայանի հրամանատարությունը: «Արդեն երրորդ անգամ մեզ նախազգուշացնում են բնակարաններն ազատելու մասին, — ասել է բնակիչներից մեկը: — Ես մտադիր չեմ որևէ բան ձեռնարկել: Թող դիմեն դատարան: Մեր ընտանիքում կա չորս հոգի, բոլորը` ՌԴ քաղաքացիներ: Մինչ այդ թղթերն ուղարկելը պետք է կանչեին, բացատրեին, որ մենք բնակարանն ապօրինաբար ենք զբաղեցնում, ուստի այն պետք է ազատենք: Իսկ եթե օրինական ենք զբաղեցնում, պարզապես, նրանք ցանկանում են ավելացնել զինվորականների թիվը, թող մեզ բնակարանով ապահովեն այլ վայրում: Պարտավոր են ապահովել: Այդ դեպքում մենք կազատենք բնակարանները»: Բնակիչների տեղեկություններով, Գյումրիի ռուսական ռազմակայանում կավելացվի զինծառայողների թիվը, և հենց այդ պատճառով այս անգամ հարցն ավելի սուր է դրված:
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաղորդել է, որ իրենք ռուսական կողմի հետ քննարկում են խնդրի լուծման տարբերակները: «Այդ հարցը պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում է: Այդ հարցն այժմ քննարկվում է ռուսական կողմի հետ` իրավաչափ լուծում գտնելու նպատակով, որն ընդունելի լինի բոլոր կողմերի համար», — ասել է Հովհաննիսյանը:
‘