‘Ռուսաստանի հայերի միություն. Աշխատանքային շփումների մեջ ենք ՌԴ քննչական և դատական մարմինների և գործող դատապաշտպանների խմբի հետ’

790

Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ: Տեղեկացնում է Tert.am-ը:  

Հայտարարությունում մասնավորապես ասված է.

«Ռուսաստանի հայերի միությունը ցավում է Ռուսաստանում խոշոր ավտովթարի արդյունքում 18 մարդու մահվան համար, ցավակցում նրանց ընտանիքներին, մերձավորներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին զոհվածների և վիրավորների ընտանիքներին, ինչպես դա մշտապես իրականացվել է ՌՀՄ կողմից աղետների և դժբախտ պատահարների դեպքում:

Ինչպես արդեն ՀՀ լրատվամիջոցներին տեղեկացվել էր, Ռուսաստանի հայերի միությունը ավտովթարի պատճառ դարձած վարորդի գործի կապակցությամբ մի շարք քայլեր է ձեռնարկել, այդ թվում՝ հանդիպել է շահագրգիռ անձանց, պետական համակարգի և իրավապահ մարմինների ներկայացուցիչների, բեռնատար մեքենայի սեփականատեր ընկերության պատասխանատուների, ավտովթարից տուժածների, ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան աշխատակիցների հետ՝ նպատակ հետապնդելով նվազեցնել թեժացած կրքերը, կանխել դրանք ազգամիջյան հարաբերությունների հարթություն տեղափոխելու փորձերը: Ռուսաստանի հայերի միության իրավաբանական ծառայությունը առաջին իսկ օրվանից գտնվում է աշխատանքային շփումների մեջ ՌԴ քննչական և դատական մարմինների և գործող դատապաշտպանների խմբի հետ այն հաշվով, որպեսզի դատական գործընթացը անցկացվի ՌԴ օրենքների տառին և ոգուն համապատասխան՝ պահպանելով ՌԴ օրենսդրության պահանջները, ինչպես նաև մարդու իրավունքների միջազգային նորմերն ու մարդկային արժանապատվության սկզբունքները»: 

 

 

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. Վարդան Ղուկասյանը օգտվում է անպատժելիության մթնոլորտից’
Հաջորդ հոդվածը‘Հրադադարի ռեժիմի խախտում. Ապահովության համար փակվել է Բաղանիս-Իջևան ճանապարհը’