‘Ռուսաստանի օրը ձերբակալվել է 1000-ից ավելի մարդ’

2380

Հունիսի 12-ին ամբողջ Ռուսաստանում տեղի ունեցած «Պահանջում ենք պատասխաններ» բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է ավելի քան հազար մարդ: Ամենամարդաշատը եղել են Մոսկվայում և Պետերբուրգում կայացած ակցիաները, որտեղ կազմակերպիչները հրաժարվել են ցույցերն անցկացնել իշխանությունների առաջարկած վայրերում: Արդյունքում՝ բողոքի ցույցի մասնակիցները հավաքվել են Տվերսկայա փողոցում և Մարսյան դաշտում, որտեղ միաժամանակ տեղի էր ունենում Ռուսաստանի օրվա տոնակատարությունը:

Ընդդիմության առաջնորդներից Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել էր դեռ մինչև ակցիան սկսվելը՝ սեփական տան շքամուտքում: Ոստիկանությունը հայտարարել է, որ քաղաքական գործչի նկատմամբ արձանագրություններ են կազմվել՝« հանրահավաքներ կազմակերպելու կանոնների խախտման և ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու համար»: Նրան դատապարտել են 30 օրվա կալանքի:

Իշխանությունների գնահատականով՝ Տվերսկայա փողոցում բողոքի ցույցին հավաքվել է մոտավորապես հինգ հազար մարդ: Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին ոստիկանությունն սկսել է դաժանաբար բերման ենթարկել ցուցարարներին, առաջին հերթին՝ նրանց, ովքեր կարգախոսներ են հնչեցրել: Ձերբակալվածների թվում եղել են անչափահասներ: Հեռացող ոստիկանական մեքենաների ետևից ցուցարարները ծափահարել են և բացականչել. «Պուտինը գող է», «Ռուսաստանն ազատ կլինի», «Պատասխան ենք պահանջում»:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը «Дождь»-ի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել բողոքի ակցիան: Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը սոցցանցում ընդամենը շնորհավորել է քաղաքացիներին Ռուսաստանի օրվա առթիվ: Ռուսաստանի պետական հեռուստաալիքներն անտեսել են բողոքի ցույցերը և հաղորդել միայն պաշտոնական տոնակատարության մասին:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Վենետիկ դարձած իմ Էրեբունի (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Հունիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ’