‘Ռուսաստանյան հրատարակչությունը «Մեծերի արձակը» մատենաշարով հրապարակել է Գեբելսի վեպը’

1007

Ռուսաստանյան «Ալգորիթմ» հրատարակչությունը լույս է ընծայել Հիտլերի մերձավորագույն զինակիցներիցներից մեկի՝ նացիստների գլխավոր գաղափարախոս Յոզեֆ Գեբելսի առաջին և միակ վեպը՝ «Միխայել. Գերմանական ճակատագիր՝ օրագրային գրառումներում»: 1923 թ. գրված այս վեպը հրապարակվել է «Մեծերի արձակը» մատենաշարով: Ի դեպ, հրատարակչության գրախոսականի յուրաքանչյուր տողում զգացվում է մեծ համակրանքը հեղինակի նկատմամբ: « Պատանեկան անփորձությամբ են պայմանավորված հեղինակի հիացմունքը, անկեղծությունը, մտածողության և զգացմունքների  անմիջականությունը, նրա  մշտապես հղկվող աֆորիզմները, ինչն ակներևորեն դրսևորվում է բնագրում…Վեպը հագեցած է Գյոթեի, Նիցշեի, Դոստոևսկու, Աստվածաշնչի ազդեցություններով»,- մասնավորապես՝ ասված է գրախոսականում:

Հրատարակչությունը նշում է, որ «Միխայել» վեպը 1987 թ. անգլերեն թարգմանությամբ հրատարակվել է Նյու Յորքում, Amok Press հրատարակչության կողմից:

Առաջին անգամ Գեբելսի վեպը հրատարակվել է 1929 թ. նացիստների օժանդակությամբ: Գլխավոր հերոսը՝ Միխայել Ֆոորմանը, առաջին համաշխարհային պատերազմի վետերան է, որ ռազմաճակատից վերադարձել է Գերմանիա: Միխայելն օրագիր է պահում, որտեղ նկարագրում է իր կյանքը և շարադրում իր աշխարհայացքը:

Չնայած ռուսաստանյան հրատարակչության հավաստիացմանը, թե այս ստեղծագործությունը «ակներևաբար՝ քաղաքական նպատակներ չի հետապնդել, քանի որ այն գրելու ընթացքում հեղինակի միակ երազանքն է եղել գրող դառնալը»՝ բավական է մի քանի մեջբերումներ անել վեպից:

«Քրիստոսը չի կարող հայտնվել հրեաներին: Եւ ես պետք է դա ապացուցեմ, բայց նախ՝ ոչ գիտականորոն: Ահա այդպե՛ս»:

«Քրիստոս իր թափով՝ հրեաների առաջին հակառակորդն է: Նա պատերազմ է հայտարարել հրեաներին: Դրա համար էլ հրեաները Նրան հեռացրին իրենց ճանապարհից: Որովհետև Նա հիմնովին ավերեց նրանց գալիք համաշխարհային տիրապետությունը: Հրեան կեղծիք է՝ մարդու կերպարանքով: Նա պատմության ընթացքում առաջին անգամ խաչ հանեց հավիտենական Ճշմարտությունը՝  ի դեմս Քրիստոսի: Եւ դա բազմիցս կրկնվել է վերջին քսան հազարամյակների ընթացքում, ու այսօր էլ է կրկնվում»:

Ակնհայտ է, որ նացիզմի ապագա գաղափարախոսն արդեն երիտասարդ տարիքում նախանշել է իր քարոզչության հիմնական գծերից մեկը՝ 20-րդ դարում վերածնելով քրիստոնեական միջնադարի արյունալի գրոհը հրեաների դեմ:

Նշենք, որ «Ալգորիթմ» հրատարակչությունն արդեն մի քանի գրքերի հրատարակությամբ  հարուցել է իրավապահների և հրեական կազմակերպությունների բողոքն ու զայրույթը: Հրատարակչությունը երկու անգամ զրկվել է NON-FIXION գրքի ցուցահանդեսին մասնակցելու իրավունքից: 2012 թ. Pussy Riot-ի անունից հրատարակչությունը լույս էր ընծայել մի գիրք, որը հետագայում հանվել էր վաճառքից: Նույն տարվա հուլիսին Վլադիմիր Վիսոցկու որդին՝ Նիկիտա Վիսոցկին, ՝ պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու հայցով դիմել էր դատարան՝ «Վլադիմիր Վիսոցկին՝ ՊԱԿ-ի գործակալ» գիրքը հրապարակելու համար հրատարակչությանը պատասխանատվության ենթարկելու պահանջով, փոխանցում է newseu.com-ը:

Նախորդ հոդվածը‘Սիցիլիայի ափերին ապօրինի ներգաղթյալներ են զոհվել’
Հաջորդ հոդվածը‘ՄԵծ Բրիտանիայի վարչապետը սխալ է համարում Սոչիի օլիմպիադայի բոյկոտը’