‘Ռուսաստանն իր կերպարը կբարելավի երիտասարդական փառատոնի օգնությամբ’

658

2013-2015 թթ. Ռուսաստանը ծրագրել է բարելավել իր իմիջն արտասահմանում գիտության և մշակույթի կենտրոնների, ռուսաց լեզուն առաջ մղելու և արտասահմանյան երիտասարդության հետ աշխատանք տանելու միջոցով: Ռուսհամագործակցության կողմից մշակված միջազգային համագործակցության ծրագրին ծանոթացել է Коммерсантъ թերթը, փոխանցում է lenta.ru-ն: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Ռուսաստանը մտադիր է 2017 թ. անցկացնել Երիտասարդության և ուսանողության միջազգային փառատոն: Նման փառատոներ երկու անգամ անցկացվել են ԽՍՀՄ-ում՝ 1957  և 1985 թվականներին:

«Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալությունը մտադիր է արտասահմանցի երիտասարդներին հրապուրել և Ռուսաստան բերել նաև պարբերաբար՝ բուհերում ավելացնելով արտասահմանյան ուսանողներին տրվող քվոտաները և վերականգնելով Բարեկամության տան գործունեությունը արտասահմանյան երկրների ժողովուրդների հետ: Ծրագրով նախատեսված է նաև ռուսաց լեզվի տարածումն արտասահմանում՝ ռուսալեզու մամուլի աջակցություն, ԱՊՀ երկրներում ռուսերենի դասընթացների կազմակերպում, Ա.Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի փոխանցում Ռուսհամագործակցության տնօրինմանը և ռուսաց լեզվի իմացության թեստավորում՝ արտասահմանում գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոններում:

Նախատեսվում է այդ կենտրոնների թիվը մեծացնել՝ «հաշվի առնելով ՌԴ աշխարհաքաղաքական շահերը», իսկ արդեն իսկ գոյություն ունեցող 59 կենտրոնները և նրանց 8 մասնաճյուղերը կատարելագործել: Կենտրոնների կայքերում կտեղադրվի «արձակ օրհներգ»՝ Ռուսաստանի մասին հատուկ գովազդային տեքստ, որը մշակելու են Ռուսհամագործակցությունը, ԱԳՆ-ն, մշակույթի և կապի  նախարարությունները:

Նախորդ հոդվածը‘Սյունիքի մարզում քննիչ է ձերբակալվել’
Հաջորդ հոդվածը‘Չիկագոյի օդանավակայանում մաքսային ծառայությունը կալանել Է 3 արկղ՝ մարդկանց գլուխներով’