‘
Հայաստանում անհանգստանալու պատճառ չկա այն կապակցությամբ, որ Ռուսաստանում «Ապարան» խմելու ջրում միկրոօրգանիզմենրի և նիտրատների քանակը գերազանցում է նորմատիվը, «ԱՌԿԱ» գործակալությանն ասել է Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ Արման Մարգարյանը։
«Ռոսկոնտրոլի» փորձագետները հայտնի ընկերությունների արտադրած խմելու ջրի լաբորատոր հետազոտություն են անցկացրել, դրանց թվում է եղել նաև հայկական «Ապարան» ջուրը», որի հետազոտության արդյունքը ցույց է տվել, որ միկրոօրգանիզմների քանակը 3.5 անգամ, իսկ նիտրատների քանակը 2 անգամ շատ է բարձր դասի ջրի համար սահմանված նորմից։
«Այս հարցի կապակցությամբ Հայաստանում խուճապի պատճառ չկա, քանի որ քաղաքացիներից կողմից որևէ ահազանգ չի եղել»,– ասաց Մարգարյանը։
Նա նշեց նաև, որ Ռուսաստան և մի շարք այլ երկրներ ապրանք արտահանելիս հատուկ արտոնագրեր, այդ թվում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության արտոնագիր չի պահանջվում, բավական է միայն արտադրողի տրամադրած որակի արտոնագիրն ու համապատասխան մակնշումը։
«Այսինքն` անորակ ապրանքի պատասխանատվությունը կրում է արտադրողը, իսկ որոշ դեպքերում` մատակարարը, քանի որ հաճախ սննդամթերքի սխալ տեղափոխումը նույնպես ազդում է որակի վրա»,– ասաց նա։
Մարգարյանը նշեց նաև, որ Հայաստանում արտադրվող խմելու ջրի որակի ստուգումներն անցկացվում են մի քանի տարին մեկ անգամ, սակայն անհրաժեշտության դեպքում, եթե քաղաքացիների մոտ կասկած է ծագում հանրապետությունում արտադրվող խմելու ջրի որակի վերաբերյալ, պետական ծառայությունը պատրաստ է արտահերթ ստուգումներ անցկացնել։
«Ապարան» ջուր արտադրող Waterlok ընկերությունից «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին, որ իրենց տեղեկացրել են «Ռոսկոնտրոլի» անցկացրած լաբորատոր հետազոտությունների մասին, նշեցին, որ այդ հարցի վերաբերյալ մեկնաբանություն կներկայացնեն ավելի ուշ։
Waterlok ընկերությունը հիմնվել է 2000 թվականին, զբաղվում է «Ապարան» աղբյուրի և «Արմենիա» հանքային ջրերի, նախապատրաստվածքների և PET-շշերի արտադրությամբ։
‘