‘Ռուսաստանում դադարեցվեց USAID-ի գործունեությունը ‘

886

ՌԴ կառավարությունը ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալաության (USAID) ռուսաստանյան գրասենյակի գործունեության կասեցման մասին  որոշում է ընդունել,- գրում է lenta.ru-ն:

ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը նշել է, որ  USAID-ի ռուսաստանյան բոլոր ընթացիկ ծրագրերն ավարտին կհասցվեն կամ կփոխանցվեն այլ կազմակերպությունների և հավելել, որ ԱՄՆ-ը հպարտանում է վերջին 20 տարվա ընթացքում Ռուսաստանում  ունեցած իր նվաճումներով:

«Թեև USAID-ի ֆիզիկական ներկայությունը Ռուսաստանում մոտեցավ իր ավարտին, այնուամենայնիվ, մենք նվիրված ենք ժողովրդավարության պահպանմանը և Ռուսատանում մարդու իրավունքների պաշտպանությանը», ասվում  է ԱՄՆ պետդեպի՝ երկուշաբթի օրը հրապարակած հայտարարության մեջ:

ՌԴ արտգործնախարարությունը USAID-ի գործունեության դադարեցումը բացատրել է նրանով, որ կազմակերպության աշխատանքի բնույթը ոչ միշտ է համապատասխանել դրված նպատակներին:

«Խոշոր ֆինանսավորումների միջոցով USAID-ն փորձել է ազդել Ռուսաստանի քաղաքական անցուդարձին»,- ասվում է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ:

Ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների որակմամբ՝ սա բավական ագրեսիվ քայլ է՝ ուղղված երկրում քաղաքական այլակարծության ճնշմանը: Իսկ ԱՄՆ-ում հանրապետականները վճռական պատասխան են ակնկալում նախագահ Օբամայից՝ համարելով, որ Ռուսաստանը անպատվել է ԱՄՆ-ին:

Նախորդ հոդվածը‘Բարեգործական առաջին ինքնաթիռը շուտով կմեկնի Սիրիա ‘
Հաջորդ հոդվածը‘Զյուգանովը տարաբնույթ արդարացումներ է ներկայացնում ԱՄՆ դեսպանի մասին ասածի վերաբերյալ’