‘Ռուսաստանցիների 18 տոկոսը Ստալինի մահն ընկալում է որպես «մեծ առաջնորդի և ուսուցչի կորուստ»:’

759

Ռուսաստանցիների կեսից ավելին (55%)խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի մահը կապում է տեռորի և զանգվածային հալածանքների դադարեցման և բանտերից միլիոնավոր անմեղ մարդկանց ազատվելու հետ: Այսպիսին են պատմության մեջ Ստալինի դերի մասին 2013 թ. փետրվարին «Լևադա-կենտրոնի» կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները: Հետազոտության տվյալների համաձայն՝ հարցվածների 18 տոկոսը Ստալինի մահը, նախկինի պես, ընկալում է որպես «մեծ առաջնորդի և ուսուցչի կորուստ»: 28 %-ի կարծիքով՝ ռուսաստանյան իշխանությունները Ստալինի պաշտամունքը փորձում են օգտագործել սեփական հեղինակությունը ամրապնդելու նպատակով՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմը հաղթողների ժառանգորդներ: Ռուսաստանցիների 19 %-ը հավատացած է, որ խորհրդային առաջնորդի պաշտամունքն անհրաժեշտ է երկրի առաջին դեմքերին՝ սեփական քաղաքականությունը և իշխանության չարաշահումն արդարացնելու նպատակով: Նույնքան մարդ էլ կարծում է, որ Կրեմլը փորձում է Ստալինի պաշտամունքն օգտագործել «անելանելիությունից»՝ ազգային գաղափարախոսության բացակայությունը քողարկելու համար, քանի որ երկրում «ոչ մի սրբություն» չի մնացել: 6 %-ի կարծիքով էլ՝ պաշտամունքն անհրաժեշտ է՝ «խորհրդային համակարգն աստիճանաբար վերականգնելու» համար: Չնայած Ստալինի կերպարի և ԽՍՀՄ-ում հալածանքների միջև ակնհայտ կապին՝  հարցվածների մեծ մասը կարծում է, որ նա «ավելի շուտ՝ դրական» դեր է խաղացել  երկրի կյանքում: «Ավելի շուտ՝ բացասական»-ի կողմնակիցներն ընդամենը 22 % են կազմում: Ռուսաստանցիների կեսից ավելին՝ 55%-ը, կողմ է, որպեսզի Վոլգոգրադի ներկայիս անվանումը պահպանվի, իսկ «պատմական»՝ Ստալինգրադ անվան կողմնակիցները կազմում են հարցվածների ընդամենը 23 %-ը, հաղորդում է  РБК-ն:

Նախորդ հոդվածը‘Թուրք մրցավարը կվարի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Ռեալ» հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘ՍԴ դիմելուց հետո էլ Րաֆֆի Հովհաննիսյանը կշարունակի քաղաքական պայքարը (Տեսանյութ)’