Ռուսաստանցի դեսանտայինները ժամանել են Ղազախստան

202

Ղազախստան է ժամանում ՀԱՊԿ-ի խաղաղարար առաքելությունը։ Երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը նախորդ օրը նման խնդրանքով դիմել էր այդ կազմակերպությանը։

Ալմաթիի ոստիկանությունից հայտնել են, որ հինգշաբթի գիշերը ուժայինները սպանել են տասնյակ քաղաքացիների, որոնք փորձում էին գրոհով վերցնել ոստիկանության բաժինները քաղաքի տարբեր շրջաններում։ Հինգշաբթի երեկոյան հրաձգությունը վերսկսվել է։

Բախումների ընթացքում զոհվել է ուժային կառույցների 18 աշխատակից, վիրավորվել, ՆԳՆ-ի պնդմամբ, 748-ը։ Իշխանությունների հայտարարությունների համաձայն՝ ուժային աշխատակիցներից երկուսը գլխատված են եղել։

ՆԳՆ-ն հայտնել է, որ ամբողջ երկրում հինգշաբթի երեկոյան դրությամբ ձերբակալվել է անկարգությունների և ցույցերի 2298 մասնակից։ Ցուցարարների (և դիակապտողների) շրջանում զոհերի թիվը չի հաղորդվում։

Գազի գնի բարձրացման պատճառով սկսված բողոքի ցույցերն աստիճանաբար վերածվել են ավելի լայնածավալ շարժման՝ երկրում քաղաքական փոփոխությունների պահանջով։

Դեռ իր դիրքերը պահող նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ցուցարարներին անվանել է դավադիրներ, որոնք վարձատրվում են օտար ուժերի կողմից։

Մոսկվան  Ղազախստանի իշխանությունների դիմումից հետո առաջինն է սկսել զինվորականներ ուղարկել Ղազախստան ՀԱՊԿ-ի շրջանակներում (այդ կազմակերպության մեջ են մտնում Ղազախստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Հայստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը)։ ՀԱՊԿ-ի մյուս երկրները խոստացել են լրացնել քանակակազմը, որը կօգնի ղազախ ուժայիններին։ Բելառուսը խոստացել է ուղարկել խաղաղապահ վաշտ (100-300 մարտիկ), Տաջիկստանը՝ 200 զինվոր, Հայաստանը՝ մոտավորապես 70։ Ղրղզստանը որոշում կկայացնի այսօր։

«Բոլոր այն մեկնաբանությունները, թե հիմա մեր ստորաբաժանումները կսկսեն ցրել ցուցարարներին` ոչ, նման բան չի լինի։ ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի խնդիրն այլ է»,- հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը РИА Новости-ին տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ զինվորականները զենք կկիրառեն իրենց վրա հարձակման դեպքում, իսկ նրանց հիմնական խնդիրը կարևոր օբյեկտների պաշտպանությունն է և «կարգուկանոնի ապահովումը»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՈստիկանությունը վնասազերծել է գիշերային անկարգությունների տասնյակ մասնակիցների
Հաջորդ հոդվածըԼուկաշենկոն ղազախ ցուցարարներին խորհուրդ է տալիս