‘Ռուսաստանցի վերլուծաբանը՝ Գյումրիի դեպքերի մասին. Պետք չէ թերագնահատել քաղաքացիական ակտիվությունը Հայաստանում’

3040

Ինչպես և միշտ նման դեպքերում` Գյումրիի ողբերգությանն առնչվող յուրաքանչյուր խոսք պահանջում է հատուկ կշռադատվածություն և կոռեկտություն: Ողբերգությունը սահմռկեցուցիչ է, իսկ Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների մահը ցնցում է մինչև հոգու խորքը: ԱրմԻնֆոյին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի հայտնի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:

«Հաշվի առնելով հանգամանքը, որ ողբերգությունն առնչվում է ռուսական ռազմակայանի զինծառայողին, գործն ինքնըստինքյան վեր է ածվել քաղաքականի: Սրան ավելացնենք նաև նման դեպքերում անխուսափելի հույզերն ու ընկալման անհամարժեքությունը, ինչը միշտ չէ, որ հասկանալի է Մոսկվայում: Համոզված եմ, որ ռուսական կողմը պետք է վերջ դնի մեծամտությանն ու ավելի քիչ հայտարարություններ անի այն ոգով, թե «դուք գնալու տեղ չունեք և կլինեք մեզ հետ»: Մշտական դաշնակիցներ չկան: Իսկ ուկրաինական փորձը Մոսկվային պետք է ինչ-որ բան սովորեցրած լիներ: Այնտեղ ամեն ինչ չէ, որ հրահարվում է Արևմուտքից, ինչը չի կարելի հերքել, կային նաև սեփական «մեխերը», որոնք նախապես պետք է հանվեին», — համոզված է վերլուծաբանը:

Նշելով, որ հայկական կողմին առավելապես գրգռում է Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու ցանկության բացակայությունը, Մարկեդոնովը համոզմունք է հայտնել, որ իրավիճակն ինքնին չի հարթվի: Նրա գնահատմամբ, պետք չէ թերագնահատել քաղաքացիական ակտիվությունը Հայաստանում և դա համարել ԿՀՎ կամ Պետդեպարտամենտի հնարանք: Կան սեփական արմատներ:

«Սակայն եթե շարունակվի լռության խաղը, կգտնվեն այնպիսիք, ովքեր կցանկանան խորացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև սպին, այդ ողբերգությունն օգտագործել սեփական նպատակներով: Դա թույլ չտալու համար պետք է լինի ինչ-որ արձագանք, հարկավոր է հայկական կողմին հրավիրել ոչ թե ձևական, այլ իրական նախաքննության, հանցագործի համար իրական պատժի` հրապարակային դատի հիման վրա: Չեմ կարծում, թե Լինչի դատաստանը լավագույն ելքն է: Դա դժվար է, սակայն հարկավոր է հանդարտեցնել հույզերը և քաղաքական կրքերը», — համոզված է Մարկեդոնովը:

Վերլուծաբանն ընդգծել է, որ Գյումրիի ռազմակայանը կարևոր և հարկավոր է ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև Հայաստանին: Մարկեդոնովը կարծում է, որ այսօր Մոսկվան ու Երևանը պետք է լուծեն բարդ գլուխկոտրուկ, առանց որի լուծման կլինեն լուրջ խնդիրներ:

Նախորդ հոդվածը‘Կոստանյան. Հայկական կողմն արդեն այսօր Պերմյակովի նկատմամբ քննչական միջոցառումներ կիրականացնի 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում’
Հաջորդ հոդվածը‘Չինարի գյուղի գնդակոծության հետևանքով վնասվել է չորս տուն’